Այդ ֆանտաստիկան այսօր Հայաստանում իրականություն է. Վարչապետը՝ 50 հազար աշխատատեղերի մասին
Տնտեսություն
10:35 26/04/2019
Հայաստան

Այդ ֆանտաստիկան այսօր Հայաստանում իրականություն է. Վարչապետը՝ 50 հազար աշխատատեղերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր  ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ իր այն հայտարարություններին, թե հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է ավելի քան 50 հազար  աշխատատեղ:

«Մի քանի անգամ հայտարարել եմ՝ Հայաստանում հեղափոխությունից հետո ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է շուրջ 50 հազար աշխատատեղ: Երբ այս թիվը հրապարակեցի ԵԽԽՎ ամբիոնից, հրապարակային բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որ կասկածի տակ էին առնում այդ թիվը: Երբ նույնիսկ ՊԵԿ-ը հանդես եկավ համապատասխան պարզաբանումներով, շարունակում էին այդպիսի  հարցադրումներ հնչել։ Ես հանձնարարել էի տեղեկանք պատրաստել, որպեսզի մենք իմանան կոնկրետ որ ոլորտներում են այդ աշխատատեղերը բացահայտվել կամ ստեղծվել»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ առաջին վարկածն այն է, որ դրանք ստվերային աշխատատեղեր են եղել և հեղափոխությունից հետո ստվերից դուրս են եկել. «Բայց իհարկե այստեղ կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր, այդ թվի տարբերակումն ավելի խորը վերլուծության կարիք ունի, բայց այս նրբություններն այս պահին էական չեն: Էականն այն է, որ 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի հանդեպ 50 հազար 141 աշխատատեղով ավելի է գրանցվել Հայաստանում»։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց, թե որ ոլորտներում են աշխատատեղերն ավելացել։

«Այս թվերը չեն կարող իրական չլինել, որովհետև դրանք ձևավորվել են ձեռնարկությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա: Այսինքն՝ ոչ թե մենք ենք հայտնաբերել այդ աշխատատեղերը, այլ մարդիկ հարկային հաշվետվություններում ներկայացրել են այդ աշխատատեղերը։  Սա կարող է նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից թվալ, բայց այդ ֆանտաստիկան այսօր Հայաստանում իրականություն է, ինչը շատ լավ է: Սա ոչ թե կառավարության գործունեության հաջողությունն եմ համարում, այլ մեր գործարարների, ընկերությունների, քաղաքացիների գիտակցության բարձրացման հետևանք կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք»։

Placeholder
Այդ ֆանտաստիկան այսօր Հայաստանում իրականություն է. Վարչապետը՝ 50 հազար աշխատատեղերի մասին