Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վանեցյան. Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է
«Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծեց, չխախտելով Սանասարյանի անմեղության կանխավարկածը, բոլորին հորդորում է մի քիչ համբերել։
«Երբ գործը կուղարկվի դատարան, դուք բոլորդ, և առհասարակ հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալ այն ապացույցներին, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում, բոլորը հնարավորություն կունենան գնահատել այդ ապացույցների իսկությունը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։
Սանասարյանն այդ մեղադրանքը շինծու է որակել։
Ծառայության տնօրենը նաև ասաց, որ ԱԱԾ քննիչը և հսկող դատախազը բողոքարկել են դատարանի որոշումը, որով Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը կալանքից ազատ է արձակվել։
«Մենք ներկայում բողոքարկել ենք վերաքննիչ դատարան ու կսպասենք դատարանի որոշմանը»,-ասաց նա։
Վանեցյանը խնդրեց, այդ գործի վերաբերյալ շահարկումներ թույլ չտալ. «Ուզում եմ ասել մեկ բան։ Ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, պարտավոր եմ իրականացել օրենքով ինձ վերապահված բոլոր լիազորությունները՝ անկախ նրանից մեղադրվող անձը կլինի իմ ազգականը, բարեկամը, հարազատը, զինակիցը։ Եթե խախտել է օրենքը, պետք է պատասխան տա։ Եթե նախաքննության ընթացքում, ԱԱԾ աշխատակիցները թույլ կտան անօրինականություններ, ապա նրանց պատիժը պետք է լինի առավել քան խիստ»։