Դավիթ Սանասարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
Քաղաքական
16:56 27/04/2019
Հայաստան

Դավիթ Սանասարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին

«Ես իմ բոլոր ընկերներին լավ ճանաչում եմ, իմ ոչ մի ընկեր ինձ չի լքել։ Եթե մարդիկ լքել են, ուրեմն իմ ընկերները չեն եղել: Իմ ընկերները նեղ օրերին իմ կողքին են լինում»,-  Քաղաքացու օրվա միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե  ապրիլի 24-ին միայնակ էիք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, գուցե նեղացած եք։

Դ. Սանասարյանն ասաց, որ այդ օրը ՊՎԾ-ն իրեն հրավիրել էր, որ միասին բարձրանային Ծիծեռնակաբերդ ու միասին են բարձրացել։

Ինչ վերաբերում է Պետական վերահսկողության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին, նա  նշեց, որ  բավականին պրոֆեսիոնալ է, իր գործի վարպետն է,  ՊՎԾ-ում աշխատանքի առաջին իսկ օրվանից մեծ օգուտ է տվել։

Դավիթ Սանասարյանի չցանկացավ խոսել իրեն առաջադրված մեղադրանքից, ասաց, որ իր փաստաբաննի մասնակցությամբ ասուլիս է հրավիրելու։

Հարցին, թե հանդիպե՞լ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Հանդիպել ենք, խոսել ենք,  ոչ դատավոր է, ոչ դատախազ, որ այս  գործերով որևէ ձևով խառնվի»։

Լրագրողի հարցին՝ վարչապետը հավատո՞ւմ է ձեր ազնվությանը, Դավիթ Սանասարյանն ասաց. «Հարցրեք վարչապետին»։

Շարունակելով խոսքը՝ նշեց. «Ինձ թվում է՝ ամենամեծ վստահությունն  ու հավատը, որ կա, ժողովրդի կողմից է։ Ամեն օր եմ դա զգում, ավելի եմ ուժեղանում։

Պետք է հավատան Հայաստանի հաջողություններին, առանձին ինձ պետք չի հավատան»։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերի):
 

Placeholder
Դավիթ Սանասարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին