Արդարադատության նախարարը՝ Միհրան Պողոսյանի և Դավիթ Սանասարյանի գործերի մասին
Քաղաքական
14:18 29/04/2019
Հայաստան

Արդարադատության նախարարը՝ Միհրան Պողոսյանի և Դավիթ Սանասարյանի գործերի մասին

ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ու մինչև Հայաստանին հանձնելն իրացրել է քաղաքական ապաստան հայցելու իր իրավունքը։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Ինչպե՞ս կլուծվի դա։ Ռուսաստանի սուվերեն իրավունքն է՝ կբավարարի, թե կմերժի քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերալ դիմումը»,- նշեց նախարարը։

Ա. Զեյնալյանի խոսքով, կարծիքներ կան, որ սա գնահատվում է  որպես պաշտպանական մարտավարություն, որպեսզի ձգձգվի նրա՝ Հայաստանին հանձնելը։ Նախարարը կրկնեց, որ քաղաքական ապաստան խնդրելու իրավունքն անձին է, իսկ թե  որքանով է հայրենասիրական կամ բարոյական՝ սուբյեկտիվ գնահատականի  արդյունք է։

Հիշեցնենք, որ Մ. Պողոսյանը ձերբակալվել է  ռուս իրավապահների կողմից Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում։ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով: Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել  Ռուսաստանից։
ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Խոսելով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի  (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) գործի վերաբերյալ, նախարար Զեյնալյանն ասաց.  «Մարդն իրականացնում է իր պաշտպանությունը: Ինքն է որոշում, թե ինչպես դա իրականանցի»։

Նա նշեց, որ իրավունք չունի իրավական գնահական տալ, ձեռնպահ  կմնա դրան քաղաքական գնահատական տալուց։

«Սպասեք մինչև  լինի դատական ակտ»,- ասաց Ա. Զեյնալյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերի):

Placeholder
Արդարադատության նախարարը՝ Միհրան Պողոսյանի և Դավիթ Սանասարյանի գործերի մասին