Մարդու առողջության համար վտանգավոր նյութեր՝  ներկրված աղերում
Հասարակություն
12:45 04/05/2019
Հայաստան

Մարդու առողջության համար վտանգավոր նյութեր՝ ներկրված աղերում

Ավանի աղի կոմբինատը փորձաքննության է ենթարկել Հայաստան ներկրված աղի մի քանի նմուշներ: Լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ ներկրված աղերի մեջ օգտագործվում է հակապնդեցուցիչ նյութ (հեքսացիանոֆերատ), որը թունավոր է և վտանգավոր մարդու առողջության համար:

Ընկերության գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Երևանի խանութներից գնել են փաթեթավորված աղի 4 նմուշ և անկախ լաբորատորիայում փորձաքննության ներկայացրել: Պարզվել է, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում սահմանված նորմերին։ Նրա խոսքով՝  այդ նմուշները ներկրվել են Իրանից: 

«Ես չեմ ճանաչում ոչ արտադրողներին, ոչ փաթեթավորողներին, իսկ փորձաքննությունն իրականացրել ենք մեզ համար՝ հասկանալու համար, թե ինչ որակի աղ է ներկրվում Հայաստան: Արդյունքում՝պարզվեց այն, ինչին այդքան էլ  չէինք սպասում»,- նշեց նա:

Արեգ Ղուկասյանն ասաց, որ փորձաքննության ենթարկված բոլորի աղերի մեջ հայտնաբերվել է հակապնդեցուցիչ նյութ՝  հեքսացիանոֆերատ: Դրանցից միայն մեկի վրա է հակապնդեցուցիչի առկայության մասին մակնշում եղել, սակայն, ըստ նրա, աղի պարունակության մեջ տվյալ նյութի քանակը գերազանցել է 4,4 անգամ:

«Այդ աղերի փաթեթավորման վրա բացակայում է տվյալ հավելանյութի օգտագործման մասին մակնշումը, ինչը օրենքի կոպիտ խախտում է, իսկ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ որոշ նմուշների մեջ այդ նյութի թույլատրվող նորմը գերազանցված է 3-4 անգամ: Գնորդը պարտավոր է իմանալ, թե ինչ է գնում, բայց փաստորեն մոլորության մեջ են գցում ազգաբնակչությանը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ստանդարտով թույլատրվում է աղի մեջ օգտագործել  հակապնդեցուցիչ նյութ, սակայն քանակը պետք է լինի մեկ հազարերորդական տոկոսից ոչ ավելի:

Արեգ Ղուկասյանը նշեց, որ հայկական աղի մեջ այդ հավելանյութն ընդհանրապես չի օգտագործվում , քանի որ ամբողջ աշխարհն այդ նյութի դեմ պայքարում է. «Մենք հակապնդեցուցիչ մեր արտադրանքում կտրականապես չենք օգտագործում, թեև կրում ենք տեխնոլոգիական դժվարություններ: Եւ եվրոպացիները շատ դեպքերում հայկական աղը գնում են հենց դրա համար, որ այն էկոլոգիապես մաքուր է»:

Կոմբինատի գլխավոր տնօրենը հայտնեց, որ փորձաքննության արդյունքներն ուղարկել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ու  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:

Արեգ Ղուկասյանը նշեց, որ ՍԱՊԾ-ին նաև առաջարկել են սահմանային հսկողության ժամանակ պարզել, թե ինչ նյութեր են օգտագործվում ներկրված աղերում: Ըստ նրա՝ բացի յոդի առկայությունից այլ փորձաքննություն չի արվում, մինչդեռ պետք է այս ամենը հաշվի առնել, քանի որ այդ նյութը շատ վտանագավոր է առողջության համար:

«Եթե սահմանային հսկողության ժամանակ պարզվի, որ տվյալ աղի մեջ հակապնդեցուցիչ նյութ թույլատրելի քանակությամբ է օգտագործված, բնականաբար, որևէ խնդիր չկա, բայց եթե թույլատրելի քանակը գերազանցում է և չկա համապատասխան մակնշում, պետք է կանխել դրա ներկրումը»,- ընդգծեց Արեգ Ղուկասյանը՝ հավելելով, որ այս խնդրով պետք է զբաղվեն բոլոր մարմինները, այդ թվում՝ ԱԱԾ-ն, քանի որ դա վերաբերում է ազգաբնակչության առողջությանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Panorama.am-ը նաև անդրադարձել էր առողջության համար վտանգավոր տեխնիկական աղի վաճառքի մասին:

 

 

Placeholder