Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որոշ աշակերտների կթույլատրվի ավարտական քննությունը հանձնել իրենց դպրոցում
«Հանրակրթական դպրոցների իներորդ դասարանում սովորող ներառված աշակերտները կենտրոնացված քննությունը կարող են հանձնել իրենց ընրտությամբ՝ կամ դպրոցում, կամ ձևավորված քննական կենտրոններում»,- այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանից։
Նա մանրամասնեց, որ հենաշարժական խնդիրներ ունեցողներ աշակերտները կարող են քննությունը հանձնել ինչպես իրենց դպրոցում, այնպես էլ կենտրոնացված, ընտրությունը թողնված է երեխաների ու նրանց ծնողների վրա։
Ինչ վերաբերում է մտավոր զարգացածության խնդիր ունեցողներ աշակերտներին՝ նա նշեց. «Նրանք ընդհանրապես ավարտական քննություն չեն հանձնում, նրանց հիմնական կրթության վկայականում գնահատական չի դրվում, այլ պարզապես նշվում է առարկաների անունները, որոնց դասերին նրանք մասնակցել են»։
Խաչանուշ Գրիգորյանը հավելեց, որ ցանկալի է, որ դպրոցները, այդ երեխաների ծնողները հնարավորինս շուտ տեղեկացնեն ԳԹԿ-ին երեխայի առանձնահատկության մասին, որպեսզի քննական կենտրոնները պատրաստ լինեն ընդունել տեղաշարժման, տեսողական, լսողական խնդիրներով երեխաներին՝ քննասենյակում նրանց համար հնարավորինս հարմարավետ պայմաններ ապահովելու համար՝ իրենց առանձնահատկությանը համապատասխան:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին կենտրոնացված կարգով քննություն են հանձնելու իներորդ դասարանի աշակարտները՝ «Հայոց լեզու» առարկայից: