Նախկինում տնտեսվարողները հնարավորություն են ունեցել չարաշահումների միջոցով  սեղմված գազի գինը ցածր պահել. Կոտոլյան
Տնտեսություն
14:47 10/05/2019
Հայաստան

Նախկինում տնտեսվարողները հնարավորություն են ունեցել չարաշահումների միջոցով սեղմված գազի գինը ցածր պահել. Կոտոլյան

Հայաստանի գազալցակայաններում սեղմված գազի 1 կգ-ը վաճառվում է 250-310 դրամի սահմանում։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց  Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը`  ներկայացնելով գազի շուկայում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

ՇՎՏՄ-ի ղեկավարի խոսքով՝ նախկինում  խմ-ի դեպքում, երբ գազը վաճառվում էր 200 դրամով, կիլոգրամի  փոփոխության դեպքում պետք է այն վաճառվեր 272 դրամով, սակայն այսօր որոշ տնտեսվարողներ գազի գինը թանկացրել են` հասցնելով մինչև 310 դրամի:

Արմեն Կոտոլյանն ասաց, որ այս հարցով դիմել է ՊԵԿ-ին, որտեղից իրեն պարզաբանել են, որ նախկինում տնտեսվարողները հնարավորություն են ունեցել չարաշահումների միջոցով  գինը ցածր պահել, այսինքն՝ գինը գրված է եղել 200 դրամ, բայց իրական գինը կազմել է 222 դրամ։ «Այսինքն` թերլիցքավորման շնորհիվ նրանք հնարավորություն են ունեցել ցածր գին ներկայացնել: Այսօր տնտեսվարողներն այդ հնարավորությունը չունեն և ստիպված գինը բարձրացրել են»,- նշեց նա:

Վարչապետի հարցին՝ արդյոք գազալցակայանների սեփականատերերն ընդունում են, որ նախկինում խաբել են վարորդներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը դրական պատասխան տվեց:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ բենզինի շուկայում ուսումնասիրությունն են սկսել: Ըստ նրա՝ եթե տեսնեն, որ չհիմնավորված գնի բարձրացում կա, այսինքն՝ կան հակամրցակցային համաձայնություններ, համապատասխան քայլեր կձեռնարկվեն:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գազի և բենզինի ոլորտներում քաղաքական առնչություն ունեցող մարդիկ կան, նույնիսկ մենաշնորհային ավանդույթներ ունեցող մարդիկ:

«Ես ուզում եմ հավատալ, որ նրանք փորձ չեն անի ինչ-որ քաղաքական շահարկումների առիթ տան: Մենք սրանով պետք է շատ լուրջ զբաղվենք: Շատ դեպքերում մենք գուցե դանդաղ ենք աշխատում,  հանրությունը մեզ մեղադրում է, և ոմանք առիթավորվում են ուղղակի: Այսպիսի բան պետք է թույլ չտալ: Շատ դեպքերում հնարավոր է մեղմ ենք վարվում մարդկանց հետ, իրենց էլ թվում է, թե այն անեկդոտի պես, թե կատակ են անում, հետ եկեք: Չէ, կատակ չենք անում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Շուկայի վերահսկողական տեսչական մարմնին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարեց զբաղվել խնդրով:

 

Placeholder
Նախկինում տնտեսվարողները հնարավորություն են ունեցել չարաշահումների միջոցով սեղմված գազի գինը ցածր պահել. Կոտոլյան