Գեղարքունիքը բոլոր նախադրյալներն ունի վերածվելու էկո մարզի
Տնտեսություն
12:00 11/05/2019
Հայաստան

Գեղարքունիքը բոլոր նախադրյալներն ունի վերածվելու էկո մարզի

«Հայաստանի Գեղարքունքը  մարզը տարիների ընթացքում ավելի է մեծացնելու իր դերն ու նշանակությունը։  Հաշվի առնելով աշխարհում քաղցրահամ ջրի խնդիրները և օրեցօր մեծացող դերը, Գեղարքունիքի մարզը դառնալու է  ոչ միայն տարածաշրջանի, այլ աշխարհի կարևոր շրջաններից մեկը»,-Գավառում ընթացող  «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նշենք, որ համաժողովին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, դիվանագետներ, գործարարներ։ Համաժողովին մասնակցում է 110 գործարար, որից 72 գործարարն արտերկրից են՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից, Իտալիայից, Դանիայից, Նիդեռլանդներից, Ղազախստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և այլ երկրներից։

Գ. Սանոսյանի խոսքով, հաշվի առնելով, որ մարզի սրտում գտնվում է Սևանա լիճը,  այստեղ տնտեսության ոչ բոլոր ճյուղերը պետք է զարգացնել, առաջնահերթություն են տվել գյուղատնտեսությանը,  զբոսաշրջությանը, այլընտարքնային  էներգետիկայի զարգացմանը։
Մարզպետն ասաց, որ գյուղատնտեսության  համար անչափ նպաստավոր է մարզի 345 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը։

«Մենք կարող ենք զարգացնել հատկապես էլոկոգիապես մաքուր գյուղմթերքը։ Մեր մարզը բոլոր նախադրյալներն ունի վերածվելու էկո մարզի, որպեսզի և մաքուր սնունդ արտադրենք և մեր Սևանա լճի բնապահպանական  խնդիրները  հաշվի առնենք»,- նշեց նա։

Գ. Սանոսյանն ասաց, որ տուրիզմի առումով Սևանի հնարավորությունները հսկայական են, սակայն մարզում  կա  տաս հազարից ավելի պատմաճարտարապետական և բնական հուշարձաններ։
Վերականգնվող էներգետիկայի առումով Հայաստանի տաս մարզերի մեջ, նրա խոսքով,  ամենամեծ արևային պոտենցիալ ունեցող մարզը Գեղարքունիքն է։

Նա համոզված է, որ տարիներ անց Գեղարքունիքը ծածակված է  լինելու արևային  վահանակներով և քամու հողմակայաններով։ Գ. Սանոսայանն ասաց, որ իրենց մարզում տնտեսության այլ ոլորտները զարգացնելու հնարավորություն նույնպես կա։

Placeholder
Գեղարքունիքը բոլոր նախադրյալներն ունի վերածվելու էկո մարզի