Սեզանի նատյուրմորտի համար Christie's-ի աճուրդում ամենաշատն են վճարել
Մշակույթ
10:41 14/05/2019
Աշխարհ

Սեզանի նատյուրմորտի համար Christie's-ի աճուրդում ամենաշատն են վճարել

Ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ականավոր ներկայացուցիչ Պոլ Սեզանի (1839-1906 թթ.) Bouilloire et fruits («Կուժն ու մրգերը») նատյուրմորտը Christie's աճուրդում վաճառվել է 59 միլիոն 295 հազար դոլարով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է աճուրդային տան կայքում։

Ֆրանսիացի գեղանկարիչը ստեղծել է նկարը 1888-1890 թվականներին։ Իմպրեսիոնիզմի և ժամանակակից արվեստին նվիրված ստեղծագործությունների աճուրդում Սեզանի կտավն ամենաթանկն է եղել։ 40 միլիոն դոլարով վաճառվել է Վան Գոգի «Ծառը հիվանդանոցի բակում» կտավը։ Երկու կտավն էլ մինչև վերջերս պահվում էին արվեստի գործերի կոլեկցիոներ Սայմ Նյուհաուսի արխիվում, որը մահացել է 2017 թվականին 89 տարեկանում։

Աճուրդում վաճառվել է նաև իտալացի նկարիչ և քանդակագործ Ամադեո Մոդիլիանիի «Գլուխ» աշխատանքը։ Վերջնական գինը եղել է 34 միլիոն 325 հազար դոլար, չնայած ավել վաղ Christie's-ը Մոդիլիանիի՝ նույն անունով մեկ այլ քանդակ վաճառել էր 70,7 միլիոն դոլարով։

Christie's-ը վաճառել է նաև Պիկասոյի, Ռենուարի, Մատիսի, Դեգայի, Մոնեի և այլ նկարիչների աշխատանքներ։ Նախօրեին Christie's-ն ընդհանուր առմամբ մասնավոր հավաքածուներից վաճառել է 399 միլիոն 41 հազար դոլարի արվեստի գործեր։

 

Placeholder
Սեզանի նատյուրմորտի համար Christie's-ի աճուրդում ամենաշատն են վճարել