ԳԹԿ-ն՝ քննության պատասխանի ձևաթղթի պատճենի մասին
Կրթություն, գիտություն
18:48 14/05/2019
Հայաստան

ԳԹԿ-ն՝ քննության պատասխանի ձևաթղթի պատճենի մասին

 Գնահատման և թեստավորման կենտրոնը պարզաբանում է տարածել, պարզաբանել,  թե ինչու 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական  կենտրոնացված  քննությունից հետո պատասխանի ձևաթղթի պատճենը քննություն հանձնողն իր հետ քննասենյակից չի տանելու: 

«Ըստ կառավարության 12.04.2012թ. թիվ 597-Ն որոշման,  միասնական քննություններ հանձնողները՝  12-րդ դասարանն ավարտողները, քոլեջների շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները և այլն, այսինքն՝ բուհերի դիմորդները,,քննության պատասխանի  ձևաթղթերը պատճենահանում և քննասենյակից  դուրս գալիս վերցնում են իրենց հետ: 9-րդ դասարանի հայոց լեզվի կենտրոնացված ավարտական քննությունները կարգավորող՝  կրթության և գիտության նախարարի հրամաններից  ոչ մեկը նման գործառույթ չի նախատեսում՝ ոչ 388-Ն-ը, ոչ էլ 152 Ա/2-ը: Հիշեցնենք, որ կենտրոնացված քննության թեստում կա շարադրության տարրեր պարունակող առաջադրանք, որը, անգամ քննասենյակից դուրս գալիս ձևաթուղթը պատճենելու դեպքում,  ստուգված չի լինելու:

Քննության ավարտից անմիջապես հետո քննական կենտրոնում այն ստուգելու են հատուկ այդ գործառույթն իրականացնելու համար վերապատրաստված ստուգողները: Հետևաբար, անիմաստ է պատճենել չստուգված շարադրությամբ ձևաթուղթը: Աշակերտներն իրենց ձևաթղթերի ՝շարադրության ստուգված մասով սքանին կկարողանան ծանոթանալ արդյունքների հրապարակումից հետո քննության յոթերորդ օրը՝ հունիսի 2-ին,  իրենց դպրոցներին տրամադրված կոդերով, իսկ քննության արդյունքի բողոքարկումը կարող են անել քննության արդյունքի հրապարակման հաջորդ օրը՝ հունիսի 3-ին»,- ասված է պարզաբանման մեջ։

Placeholder