ՍԱՊԾ-ի համար անհասկանալի է, ռուսական կողմի՝ մկնդեղի մասին հայտարարությունը
Իրավունք
10:35 16/05/2019
Հայաստան

ՍԱՊԾ-ի համար անհասկանալի է, ռուսական կողմի՝ մկնդեղի մասին հայտարարությունը

Ռուսական կողմն օրեր առաջ հայտարարեց՝ Հայաստանից երկու ընկերությունների կողմից ներկրված ձկներում մկնդեղի ավելցուկ կա։ Թե ինչ է արվել ձկան այդ խմբաքանակի հետ ռուսական կողմը չի տեղեկացրել։

Ստացվում է, ռուսական պետական մարմնի աշխատանքի արդյունքում ռուսաստանցիները չեն ուտի վնասակար սնունդը։ Իսկ հայաստանցինե՞րը։ Տեղեկանալու համար, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել իրավասու մարմինը,  Panorama.am-ը դիմեց  Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Այստեղ զարմացած են։

«Մեր մոնիթորինգների ժամանակ հենց այդ ցուցանիշով փորձաքննություն արվում է, որևէ անգամ խախտում չի հայտնաբերվել։ Թե որտեղից է ռուսական կողմն այն հայտնաբերել, անհասկանալի է»,-ասաց Տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը։

Նրա խոսքով, խախտում հայտնաբերելու դեպքերում ռուսական կողմը պարտավոր է նամակով տեղեկացնել տեսչական մարմնին հայտնաբերածի մասին։

«Սակայն որևէ նամակ չենք ստացել: Միայն հրապարակել են կայքում: Սպասում ենք»,-ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորի հրապարակումը եղել է ինն օր առաջ։  Ըստ հրապարակված տեղեկատվության,  Հայաստանից, Չինաստանից, Ղազախստանից Ռուսաստան արտահանված կենդանական մթերքում հայտնաբերվել են ԵԱՏՄ նորմերի ու պահանջների անհամապատասխանություններ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Հայաստանից ձուկ արտահանող երկու ընկերություններին՝  PROTEIN ARMAN JONOUB CO և «Ֆիշ-կա» ընկերություններին։

Նշվում է, որ այս կապակցությամբ իրականացվում է ուժեղացված լաբորատոր վերահսկողություն։

 

Placeholder
ՍԱՊԾ-ի համար անհասկանալի է, ռուսական կողմի՝ մկնդեղի մասին հայտարարությունը