Red Wings-ի ինքնաթիռով Մոսկվա հասած քաղաքացիները դեռ ուշքի չեն գալիս
Հասարակություն
18:15 22/05/2019
Հայաստան

Red Wings-ի ինքնաթիռով Մոսկվա հասած քաղաքացիները դեռ ուշքի չեն գալիս

Մայիսի 18-ին՝ շաբաթ օրը ռուսական Red Wings ընկերության WZ 324 չվերթի ինքնաթիռի ուղևորները մինչև այսօր չեն մոռանում կատարվածը։ Ավելի քան մեկ ժամ ուշացումով օդ բարձրացած օդանավը դեռ մի քանի տասնյակ մետր էլ չէր բարձրացել, երբ սկսվել են կտրուկ վայրէջքներն ու վերելքները, աջ ու ձախ ճոճվելը։

«Թռիչքի առաջին իսկ րոպեներից մեզ թվաց, որ ինքնաթիռն անկառավարելի դարձավ։ Բոլոր ուղևորները բղավում էին, լացում, երեխաները սարսափած կպել էին ծնողներին, պահանջում էինք, որ օդանավը վերադառնա «Զվարթնոց»,-ասում է խմբագրության ահազանգած ուղևորներից Ա. Ա.ն։

Երևանում  վայրէջք կատարելու ուղևորների պահանջին անձնակազմն ականջալուր չի լինում։ Մինչ Մոսկվայի Դոմադեդևո  օդանավակայան հասնելն ու վայրէջքը սարսափած ուղևորներն ամեն ճոճի, կտրուկ իջնելու ու բարձրանալու հետ սկսում են բղավել, օգնություն կանչել, մի խոսքով, պանիկա է սկսվում։



«Անցել է արդեն չորս օր, բայց էդ պահերը, բղավոցները, լացը չեմ մոռանում։ Շաքար որ չստանանք, լավ է»,-ասում է ուղևորը։

Ընկերներն ու մտերիմները  նրան սիրտ են տալիս՝ տարվա մեջ երկու ծնունդ կնշի, մեկը՝ մայիսի 18-ին, թռիչքի օրը։

Վայրէջքից հետո էլ որևէ մեկը տեղի ունեցածի համար ուղևորներից ներողություն չեն խնդրում, պարզաբանում չեն ներկայացնում։

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի թռիչքային պիտանիության վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որևէ բողոք չեն ստացել, ընկերությանը դիմել չեն պատրաստվում։ Խորհուրդ տվեցին, որ խմբագրությունը դիմի։

«Խնդիրը չհետաքրքրեց, քանի որ դա մեր գրանցման օդանավ չէ»,-ասաց վարչության պետի տեղակալ Կարեն Գյուրջյանը։

Նա սկսեց ենթադրություններ ներկայացնել, թե ինչ պատճառով կարող է օդանավն ունենալ վերընթաց ու վարընթաց շարժումներ. «Մանավանդ գարնան սեզոնին հնարավոր է, որ լինեն վերընթաց ու վարընթաց օդային հոսանքներ կան, հնարավոր է, որ ինքնաթիռն ընկել է նման հոսանքների մեջ։ Եթե ճոճք է եղել, բայց ինքնաթիռը բարեհաջող տեղ է հասել, ուրեմն օդաչուն մեղավոր չէ։ Այնպես չէ, որ այդ օդաչուն կամիկաձե է, իրենք էլ ունենք ընտանիք»։

Red Wings ընկերության երևանյան գրասենյակից միայն հաստատեցին՝ «զադերժկա» եղել է։
Ընկերության գլխավոր գրասենյակ մամուլի ծառայությունից Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ընկերության բոլոր ծառայություններից տվյալներ են հավաքել։

«Արդյունքում մենք կարող ենք պատասխանատու կերպով հայտարարել, որ թռիչքի ժամանակ նման խնդիր չի եղել։ Ինքնաթիռը մտել է տուրբուլենտ գոտի, ինչը նորմալ երևույթ է լեռնային հատվածների վրայով թռչելիս»,-պատասխանեցին ընկերությունից, նշելով, որ իրենց օդաչուները պրոֆեսիոնալ են, բազմամյա փորձ ունեն։

Ուղևորն էլ պնդում է, խնդիրն ամենևին էլ կապված չի եղել տուրբուլենտ գոտու հետ, քանի որ ինքնաթիռը բավականին ցածր էր, այնքան, որ նույնիսկ բնակավայրերի շենքերի լույսերն էին երևում։

Ասածը վկայող մի քանի լուսանկարներ է տրամադրել։






Տեսանյութը և լուսանկարները տրամադրել  է խմբագրություն ահազանգած ուղևորը։

Placeholder
Red Wings-ի ինքնաթիռով Մոսկվա հասած քաղաքացիները դեռ ուշքի չեն գալիս