Եղեգնաձորն էլ միացավ մետաղական հանքարդյունաբերությունը մերժած համայնքներին. ՀԲՃ
Օրվա թեմա
12:31 27/05/2019
Հայաստան

Եղեգնաձորն էլ միացավ մետաղական հանքարդյունաբերությունը մերժած համայնքներին. ՀԲՃ

Եղեգնաձորն էլ միացավ մետաղական հանքարդյունաբերությունը մերժած համայնքներին: Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարության մեջ ասված է.

«2019թ․ մայիսի 23-ին Եղեգնաձոր համայնքի ավագանին ընդունել է «Համայնքը էկոտնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու՝ համայնքի բնակիչների կողմից ներկայացված առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշում։ Այն ընդունվել է 6 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։ Որոշման մեջ նշված է հետեւյալը․

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավելի քան երկու հազար հինգ հարյուր բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը.

1. Տալ համաձայնություն համայնքի բնակիչների 2019թ. մայիսի 3-ին համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Եղեգնաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Նշենք, որ մայիսի 3-ին Եղեգնաձորի բնակիչները կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել համայնքի ղեկավարին և ավագանուն։ Հանրագիրն ամրագրված էր շուրջ 2500 քաղաքացիների ստորագրություններով, որով նրանք խնդրում եւ պահանջում էին․

1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում և ընդհանուր առմամբ Վայոց ձորի մարզում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել եւս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:

2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Եղեգնաձոր համայնքի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

Հանրագրի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ»։

ՀԲՃ-ից հիշեցնում են, որ մինչ այս մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես էին եկել Հայաստանի եւս չորս համայնք՝ 2018թ․ գարնանը Նոյեմբերյանը, 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը, 2019թ․ ապրիլին՝ Գլաձորը և 2019թ․ մայիսին՝ Արենին։ Այդ համայնքների ավագանիները նույնպես համապատասխան որոշումներով հաստատել են իրենց ընտրած քաղաքացիների կամարտահայտությունը։

Placeholder