Փակել են ճանապարհը. «Մեզ գնդակի տեղ դրած տշում են»
Օրվա թեմա
11:42 30/05/2019
Հայաստան

Փակել են ճանապարհը. «Մեզ գնդակի տեղ դրած տշում են»

Հյուսիս-Հարավ ճանապարհի տարբեր հատվածներ կառուցած 17 ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներ փակել են Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքից դեպի Ուջան գյուղ տանող ճանապարհը։

Panorama.am-ի հետ զրույցում ակցիային մասնակցող «Ժակշին» ընկերության հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, պահանջում են կատարած աշխատանքի դիմաց վճարել ընկերություններին։

Նրա խոսքով, իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերությունը 17 կազմակերպություններին պարտք է 2 մլրդ 49 մլն դրամ։

«Մեր կազմակերպությունները կանգնել են լուրջ խնդրի առաջ, չենք կարողանում վճարել մեր աշխատակիցների աշխատավարձերը, բյուջեի պարտավորությունները, մատակարար ընկերությունների պարտքերը»,-ասաց Հովհաննիսյանը։

Ակցիայի միջոցով նրանք հույս ունեն հասնել խնդրի լուծման, ակնկալում են, որ կառավարությունը կկարողանա ճնշում գործադրել «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության վրա։

«Տասը ամիս է՝ մեզ գնդակի տեղ դրած  տշում են։ Ընկերությունից ասում են, կառավարությունը մեզ փող է պարտք, պիտի տա, որ ես էլ ձեզ տամ, կառավարությունից էլ ասում են, մենք փողը տվել ենք, էլ փող չունենք տալու։ Անցյալ տարվա օգոստոսից նոյեմբեր կատարած աշխատանքների համար  մեզ չեն վճարել»,-ասաց նա։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը տեղեկացրել է, որ շտապում է ակցիայի մասնակիցների հետ հանդիպման։

«Հենց նոր տեղեկացա, որ Հյուսիս-Հարավի Աշտարակ-Ուջան հատվածը փակել են շինարարական ընկերությունները, որոնց կատարած աշխատանքի համար սեպտեմբերից գումարներ չեն վճարվել։ Շտապում եմ այնտեղ»,-գրել է նա։

Ավելի վաղ կազմակերպությունների ղեկավարները ստեղծված խնդրի, ինչպես նաև դրա հետևանքների մասին տեղյակ են պահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրել նրա աջակցությունը հարցի կարգավորման համար։







Placeholder