Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Սպորտ
18:01 06/06/2019

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ:

Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվել է  Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձել  արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) նվաճել է  բրոնզե մեդալ:

«Մալխաս Ամոյանը ոսկե մեդալը վիճարկեց մոլդովացի Միհայ Պետիչի հետ և հաղթեց 2 րոպե 30 վայրկյանում՝ 8:0:

Ամոյանը հունիսի 4-ին մեկնարկել էր որակավորման փուլից և տարել 4 հաղթանակ: Նա ուժեղ էր գտնվել իտալացի (9:0), թուրք (6:1), վրացի (8:4) և ռուս մրցակիցներից (5:4) և դուրս եկել եզրափակիչ:

Հայկ Մելիքյանը եզրափակիչում մրցեց վրացի Գեորգի Շոթաձեի հետ և պարտվեց 0:9 հաշվով:

Մելիքյանը հունիսի 4-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից և, հաղթելով սերբ (8:0), ավստրիացի (14:5) և ռուս (10:1) ըմբիշների, նվաճել էր եզրափակիչի ուղեգիր:

Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ուկրաինացի Միրոսլավ Սլովիանի նկատմամբ:

Նախօրեին պարտություն կրած Կարեն Խաչատրյանը (82 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն հունիսի 5-ին պարտվել է երկրորդ սփոփիչ գոտեմարտում և լքել պայքարը:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Հրաչյա Պողոսյանը (63 կգ):

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով և ելույթն ավարտեց մեկ ոսկե, մեկ արծաթե և 2 բրոնզե մեդալով»,-մանրամասնում են ՀԱՕԿ-ից:

Placeholder
Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն