Կոկորդիլոսը  չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք. Գարիկ Սարգսյան
Հասարակություն
15:02 12/06/2019
Հայաստան

Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք. Գարիկ Սարգսյան

Կոկորդիլոսաբուծարանի կառուցման գործընթացն ընթացքի մեջ է։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ հավելելով, որ պայմանավորվածություն ունեն՝ ամեն ինչ անելու են, որ չխոչընդոտեն ներդրումներին։

Հարցին, թե արդյոք բարձրացված աղմուկից հետո ներդրողը փոշմանել է, մարզպետը վստահեցրեց, որ չի փոշմանել, հակառակը, ավելի պատրաստակամ է դարձե. «Ես սնահավատ չեմ, բայց այդ ծրագրին «աչք տվող» կարող է լինել՝ բնապահպանական ինչ-որ խնդիր բարձրացնողները»:

Դիտարկմանը՝ միգուցե «աչքով են տվել», որ ձգձգվում է կոկորդիլոսաբուծարանի կառուցման գործընթացը, Գարիկ Սարգսյանն ասաց, որ կան ընթացակարգեր, որոնք պետք է անցնել։

«Մի քանի բաղադրիչների մասին է խոսքը, պարզապես ծրագիրը հայտնի է որպես «կոկորդիլոսաբուծարան», բայց դա էկոայգի է լինելու, որտեղ լինելու է ալիքային լողավազան, հեծանվահրապարակ, մանկական հրապարակ, արագ սննդի կետեր, ռեստորաններ և այլն»,- նշեց նա:  

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ի վերջո մաքսայինի հետ խնդիրը լուծվե՞ց, թե կոկորդիլոսի ձուն ինչ ձվի տակ պետք է ներմուծվի՝ թռչնի՞ ձվի, թե՞ կենդանու, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Դուք փորձում եք այնպես մեկնաբանել, թե մենք չենք կարողանում տարանջատել թռչնի ձուն այլ կենդանու ձվից: Իմ խոսքի մեջ եղել է հետևյալը՝  քանի որ մենք չունենք մաքսային կոդ, որով ներմուծվում է  ցանկացած ապրանք Հայաստան, այսինքն՝ կոկորդիլոսի ձվի ներկրման համար չունենք մաքսային կոդ, դա ներմուծվում է թռչնի ձվի անվան տակ, բայց կոկորդիլոսի ձու է, սա է եղել ամբողջ պատմությունը»:

Դիտարկմանը, թե կոկորդիլոսի թռչուն լինելու մասին գրառումներ ֆեյսբուքյան իր էջում արել է հենց մարզպետը, նա կատակով արձագանքեց․ «Հարցն այն է եղել, թե կոկորդիլոսների նախնիներն ավելի շատ կենդանիների որ խմբին են պատկանել։ Հիմա ես ավելի շատ կենդանիների ուսումնասիրման մասնագետ եմ դարձել:  Կոկորդիլոսն իր կառուցվածքով, իր օրգան համակարգով մոտ է թռչուններին, չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Ինչ-որ ժամանակ նրանք նույնիսկ թռչել են»։

Placeholder
Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք. Գարիկ Սարգսյան