Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ես չեմ թաքցնելու և ցանկություն էլ չունեմ թաքցնելու, որ ես ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում»,- այս մասին խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին ի պատասխան ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ինքն ընկերներ ունի տարբեր քաղաքական կուսակցություններում, տարբեր քաղաքական խմբավորումներում, հոսանքներում և ոչ մի տարօրինակ բան չկա դրա մեջ։
«Չէի կարող չունենալ, քանի որ իմ գործունեությունն ամբողջությամբ եղել է քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը և իմ ծառայությունների հասցեատերը մեծամասամբ եղել են մարդիկ, ովքեր ներգրավված են եղել այդ իրադարձությունների կիզակետում և հետապնդումների թիրախ են եղել։
Բայց մեր ընկերությունը գաղափարական հիմքի վրա է եղել և այդ հիմքը ամենևին էլ կուսակցական չի եղել, այն ընդհանուր նպատակի, ժողովրդավարական երկիր ունենալու շուրջ է եղել։ Անկախ նրանից՝ նրանք իմ ընկերներն են, թե չէ, դատավորի երդում տալու պահից, դատավորներն ընկերներ չեն ունենում այլևս»,- ասաց Գրիգորյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ թեկնածուին խնդրեց պարզաբանել մինչ այս հնչեցրած իր այն դրույթը, թե Սահմանադրական դատարանը քաղաքական մարմին է։
«Եթե այդպես է, ապա այդ դեպքում ինչպես եք պատկերացնում ՍԴ դատավորի որոշման առերևույթ և փաստացի անկողմնակալ լինելը»,- հարցրեց պատգմավորը։
Ի պատասխան նա ասաց, որ այդ գնահատականը հնչեցրել է՝ դատելով դատարանի գործունեության հետևանքների քաղաքական լինելուց։
«Սրանով ամենևին չեմ ասում, որ ՍԴ-ում դատավորները քաղաքականությամբ են զբաղվելու, կամ կուսակցական քաղաքական մարմին է ՍԴ-ն, որևէ դեպքում ոչ։ Քաղաքական ասելով՝ նկատի ունեմ այդ բառի ամենաառանցքային իմաստը, հանրային հարցերի կառավարման։ Եթե դուք նայեք, Հայաստանում չկա ավելի քաղաքական մարմին այդ իմաստով, քան ՍԴ-ն, ի վերջո ՍԴ-ն այն վերջին հաստատողն է, թե ում է վստահել ժողովուրդն իշխանություն»,- ասաց նա։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ հետարքրքվեց. «Ձեր հարցազրույցներում մեկ անգամ չէ, որ նշել ոք՝ իրավապահ համակարգը դեռևս չի դրսևորում անհրաժեշտ կենսունակություն, որպեսզի հարմարվի նոր իրողություններին, նշել եք նաև, որ Ձեր սուբյեկտիվ կարծիքով ՀՀ համար առավել հարմար կառավարման ձևը նախագահականն է։ Հիմա Ձեր ընտրվելու դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում այս Սահմանադրությամբ և այս համակարգում։ Կարո՞ղ եմ ենթադրել, որ տեսնում եք Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն»։
Նա պատասխանեց, որ բազմիցս նման քննադատություններ հնչեցրել է. «Իրավապահ համակարգի համակարգի հապաղումն իրեն ռեֆորմի ենթարկելու կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։ Կուզեի, որ բոլորս համաձայնվեինք, որ այն Սահամանդրությունը, որ մենք ունենք այսօր՝ 2015 թվականի հանրաքվեով, այն ձևով, ինչով որ այն ընդունվել է, միշտ մեզ մոտ բացասական ասոցիացիաներ է առաջացնում։ Կներեք շատ կոպիտ արտահայտության համար, դա բռնաբարությունից ծնված երեխայի նման է, մենք բոլորս սիրում ենք նրան, բայց միշտ հիշում ենք իր ծագումնաբանությունը։ Սա պիտի հարթվի, սահմանադրական փոփոխությունների խնդիրը պետք է լրջագույն քննարկման առարկա դառնա»։
Նա հավելեց, որ իր նախընտրած մոդելը նախագահականն է, բայց չի պնդում, որ անհրաժեշտաբար Հայաստանը պետք է փոխի կարգը։