Արտահանման  ծավալների անկումը մտահոգիչ է. Ջանջուղազյան
Տնտեսություն
13:31 19/06/2019
Հայաստան

Արտահանման ծավալների անկումը մտահոգիչ է. Ջանջուղազյան

«Արտահանման  ծավալների անկումը մտահոգիչ է»,- այս մասին այսօր Ազգային ժողովում 2018թ-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի  Խաչատրյանի հարցին:

Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց, թե  ինչո՞վ  է պայմանավորված գյուղատնտեսության արտադրանքի արտահանման անկումը:  Նա նաև նշեց, որ թեև Հայաստանում դինամիկ աճում է ՏՏ ոլորտը, սակայն վիճակագրության համաձայն, այստեղ ևս ծավալները նվազել են:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ արտահանելի և ոչ արտահանելի հատվածներում ունենք շահութաբերության մակարդակի տարբերություն՝ մոտավորապես 8 տոկոսային կետով:

«Փողն այդպիսի հատկանիշ ունի՝ գնում է այնտեղ, որտեղ ավելանալու հավանականությունը մեծ է և մեր ջանքերն ուղղված են նրան, որ փոխենք հենց այս կառուցվածքը»,- ասաց նա:

Դրա համար, ըստ ֆինանսների նախարարի,  կառավարությունը այնպիսի որոշումներ է ընդունել, որը հնարավարություն է տալիս աջակցել այն տնտեսվարողներին, որոնք ավելի շատ արտահանմանը միտված արտադրություն ունեն։

«Այո, արտահանման  ծավալների անկումը մտահոգիչ է, սակայն Կառավարության ջանքը չի ուշանա: Հուսով եմ, որ մենք հաջողություններ կարձանագրենք այստեղ»,- ասաց  Ատոմ Ջանջուղազյանը։

Արկադի Խաչատրյանն էլ նշեց, որ կառավարությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն արտահանելի հատվածի զարգացման մասով: Ըստ նրա՝ առաջնային քայլերը պետք է լինեն ներմուծման փոխարինումն ու արտահանման խրախուսումը, բացի այդ պետք է մեծ ուշադրություն դարձնել տեխնոլոգիական վերազինմանը: 

Placeholder
Արտահանման ծավալների անկումը մտահոգիչ է. Ջանջուղազյան