ԱԳ նախարարները քննարկել են շփման գծում լարվածության հաղթահարմանն առնչվող հարցեր
Քաղաքական
10:03 21/06/2019
Հայաստան

ԱԳ նախարարները քննարկել են շփման գծում լարվածության հաղթահարմանն առնչվող հարցեր

Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ  Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը՝ ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունները հյուրընկալելու համար՝ ի շարունակություն ավելի վաղ Փարիզում և Մոսկվայում կայացած հանդիպումների:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել խաղաղ գործընթացին առնչվող հիմնական հարցերի և ներկա իրավիճակի շուրջ:

Քննարկվել են շփման գծում հանդիպմանը նախորդող շրջանում արձանագրված լարվածությանը և դրա հաղթահարմանը և ըստ այդմ խաղաղության նպաստող միջավայրի վերահաստատմանն առնչվող հարցեր: Հայկական կողմը ընդգծել է հրադադարի ամրապնդման և լարվածության ռիսկերի նվազեցման միջոցների իրականացումը՝ միջադեպերի կանխարգելման և արագ արձագանքման համար: Վերահաստատվել է նաև խաղաղ գործընթացում հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները և մոտեցումներրը:

Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ԱԳ նախարարների հետ կիսվել են խաղաղ գործընթացի առաջմղմանն ուղղված գաղափարներով, այդ թվում հումանիտար ոլորտում: Հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են առաջիկա ամիսներին շարունակել խորհրդակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Placeholder
ԱԳ նախարարները քննարկել են շփման գծում լարվածության հաղթահարմանն առնչվող հարցեր