Տասնյակ վիրավորներ և ձերբակալվածներ Թբիլիսիում
Քաղաքական
09:37 21/06/2019
Տարածաշրջան

Տասնյակ վիրավորներ և ձերբակալվածներ Թբիլիսիում

Թբիլիսիում  խորհրդարանի շենքի մոտ բազմահազարանոց ցույցն ավարտվել է ցուցարարներին ցրելով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, տուժել է 52 մարդ, այդ թվում 38 ոստիկան։ Հիվանդանոց է տեղափոխվել մի քանի տասնյակ մարդ։

Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ  և արցունքաբեր գազ: Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ, մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է։
Ցուցարարները սկսել են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ երեկ երեկոյան՝ պահանջելով Վրաստանի ներքին գործերի նախարարի և խորհրդարանի խոսնակի հրաժարականները։ Ավելի ուշ նրանք փորձել են գրոհել  խորհրդարանի շենքը, արդյունքում ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներէ ցույցը ցրելու համար։

Ընդդիմությունը տեղի ունեցածի մեջ մեղադրում է իշխանություններին, իշխանությունն իր հերթին մեղադրում է ընդդիմադիրներին հրահրելու մեջ։

Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը պետական հեղաշրջման փորձ է։

Վրաստանում իրավիճակի սրման պատճառն այն է եղել, որ նախօրեին  խորհրդարանում մեկնարկել էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում էր նաև Ռուսաստանի պատվիրակությունը: Իրավիճակն ավելի է լարվել, երբ նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը։ Վրացի ընդդիմադիր պատգամավորները վրդովվել են, որպես բողոքի նշան ակցիա են իրականացրել, թույլ չեն տվել, որ վեհաժողովը շարունակի աշխատանքները։

Placeholder
Տասնյակ վիրավորներ և ձերբակալվածներ Թբիլիսիում