Ռոբերտ Քոչարյան. Նույնիսկ Կենտրոնական Աֆրիկայի  խուլ գյուղերում սա չլսված ու արտառոց երևույթ է
Իրավունք
23:53 24/06/2019
Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Նույնիսկ Կենտրոնական Աֆրիկայի խուլ գյուղերում սա չլսված ու արտառոց երևույթ է

Վերաքննիչ քրեական դատարանի վաղը հրապարակվելիք որոշումից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սպասելիքներ չունի: Այդ մասին  նա հայտարարեց TV5 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Չեմ ուզում գուշակել, հատուկ սպասելիքներ չունեմ այդ դատարանից: Դատարանը ենթադրվում է օրենքով ստեղծված դատարան: Կարծում եմ այդ սցենարը նախագծված էր, լսել մեղադրողին, լսել այս գործով ներգրավված տուժողների ներկայացուցիչներին և  հետո ուղղակի զավեշտալի պատճառաբանությամբ զրկել պաշտպանական կողմին իր տեսակետը ներկայացնելու հնարավորությունից: Արեցին ամեն ինչ, որ պաշտպանական կողմը չկարողանա ներկայացնել իր կարծիքը»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, քրեական այդ գործը որևէ կապ չունի տասը սպանությունների հետ:

«Գործն ընդհանրապես դրա մասին չէ, և անհասկանալի է, թե զոհվածների իրավահաջորդներն ինչի համար էին հրավիրված: Կրկնում եմ, սա ուղղակի մի սցենար էր, որը ենթադրում է իրադարձությունների վերաբերյալ ներկայացնել դատախազության, գործադիր իշխանության  տարբերակն ու պաշտպանական կողմին զրկել այլ տեսակետ հնչեցնելու հնարավորությունից: Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան չի եղել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա ընդգծեց, իր պաշտպանական խմբի կազմում կան տարբեր սերունդների ներկայացուցիչներ, նրանցից որևէ մեկը, նաև նրանց գործընկերները նման դեպք չեն տեսել, չեն լսել, չեն հիշում:

«Նույնիսկ Կենտրոնական Աֆրիկայի  խուլ գյուղերում սա չլսված ու արտառոց երևույթ է, և բնութագրում է Հայաստանի այսօրվա իշխանություններին: Նրանք անում են բոլոր այն սխալ քայլերը, որոնք անում է յուրաքանչյուր առաջին ալիքի հեղափոխական: Նրանք համարում են, որ միայն իրենք են ներկայացնում ժողովրդին: Իրենք համարում են, որ ժողովրդի անունից մենակ իրենք  կարող են խոսել, և քանի որ իրենք ե ն ժողովուրդը, իրենք օրենքից վեր են: Իրենք մոռանում են մի բան, որ ժողովրդի սերը շատ տատանվող երևույթ է, և  ժողովրդի սիրուց մինչև ատելություն մի քայլ է, և այդ քայլի կեսից ավելի իրենք անցել են»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Նրա խոսքով, ժողովրդի նկատմամբ սերը ղեկավարի կողմից պետք է արտահայտվի  ժողովրդի կենսամակարդակի բարձրացմամբ, սառնարանների առատությամբ ու այլ հանգամանքներով:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին վերաքննիչ քրեական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ թույլ չտալով Ռ․ Քոչարյանի պաշտպանին միջնորդություն ներկայացնել: Դատարանը չի
թույլատրել պաշտպաններին ներկայացնել առարկություններ վերաքննիչ բողոքների դեմ, զրկել է նրանց այդ հնարավորություններից, համարել է դատական ստուգումն ավարտված և հեռացել խորհրդակցական սենյակ`դատական ակտը կայացնելու։

Այն կհրապարակվի վաղը` հունիսի 25-ին, ժամը 16:00-ին։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի կողմից միջնորդությունը ներկայացնելու դեմ առարկել են դատախազները և տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ նշելով, որ դատական գործընթացի այս փուլում պետք է ներկայացվեն պաշտպանական կողմի դիրքորոշումները։ 

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Placeholder