Մարդատար տրանսպորտային միջոցները պետք է դիզել օգտագործեն, որ նման բռնկում չլինի. Ֆելիքս Ցոլակյան
Հասարակություն
11:32 08/07/2019
Հայաստան

Մարդատար տրանսպորտային միջոցները պետք է դիզել օգտագործեն, որ նման բռնկում չլինի. Ֆելիքս Ցոլակյան

Փրկարարները ժամանակին հասել են դեպքի վայր, ոչ մի վայրկյան ուշացում չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն՝ անդրադառնալով Արարատում՝  Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարին

Նրա խոսքով՝ կանչ ստանալուց հետո ընդամենը 4-5 րոպե է տևել դեպքի վայր հասնելը. «Ցավոք սրտի, չեն կարողացել մարել, հրդեհը շատ արագ է արել իր գործը»: 

Ինչ վերաբերում է վթարի պատճառին, Ֆելիքս Ցոլակյանն ասաց՝  չի կարող ասել, թե պատճառը որն է եղել, միայն կան վարկածներ. «Այսպիսի վարկած կա, որ «Տոյոտա» մակինիշի մեքենան դիմացից խփել է «Գազելին», որից հետո հետևից եկող «06-ը» մյուս կողմից է հարվածել, ինչի հետևանքով էլ գազի արտահոսք է եղել և բռնկում տեղի ունեցել։ Շատ արագ է վառվել, նույնիսկ փրկարարները չեն կարողացել մոտիկ կանգնել, 5-6 մետրից են կատարել մարման աշխատանքները: 5 րոպեի ընթացքում կրակն իր գործն արել է, դժբախությունն արդեն կատարված է եղել»:

Հարցին, թե 2014 թվականին Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մոտակայքի վթարից հետո «Գազելների» անվտանգության առումով ինչ հետևություններ են արվել,  Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ հետևություններ հիմա էլ պետք է արվեն: «Մի քանի անգամ ասել եմ, որ մարդատար բոլոր տրանսպորտային միջոցները պետք է ապահովված լինեն կրակմարիչներով, պետք է զգուշություն ցուցաբերեն, բայց այստեղ, ինչքան հասկանում եմ, «Գազել»-ի վարորդը մեղք չի ունեցել»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ մարդատար բոլոր տրանսպորտային միջոցները պետք է ապահովված լինեն կրակմարիչներով, որոնք պետք է օգտագործվեն հրդեհի հենց առաջին պահին:

«Տեխնիկական խնդիր է եղել, արտահոսքը գազի բալոնից է եղել: Այստեղ խնդիր կա նաև, թե ինչ վառելիք  պետք է օգտագործվի մարդատար տրանսպորտային միջոցների համար: Երևի ճիշտ կլինի ոչ թե գազ, բենզին օգտագործել, այլ դիզել, որ այդպիսի բռնկում չլինի»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նա նաև չբացառեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան. «Պետք է վարքագիծ մշակվի, որ հնարավոր լինի խուսափել այդպիսի դժբախտ դեպքերից»:

Placeholder