Վրաստանի վթարը խոսում է անզգուշության ու անտարբեր վարքագծի մասին. Ֆելիքս Ցոլակյան
Հասարակություն
11:03 08/07/2019
Հայաստան

Վրաստանի վթարը խոսում է անզգուշության ու անտարբեր վարքագծի մասին. Ֆելիքս Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած ողբերգական վթարին,  որի հետևանքով զոհվել է ՀՀ երեք, տուժել՝ 5 քաղաքացի, նշեց, որ Առողջապահության և ԱԻՆ փոխնախարարները եղել են Թբիլիսիում, հանդիպել են տուժածների հետ:

Նրա խոսքով,  տուժածներից երկուսը՝ մեքենայի վարորդն ու որդին,  ծանր վիճակում են, իսկ երեքի վիճակը համեմատաբար լավ է:

«Նրանց  հիմա շտապօգնության մեքենայով տեղափոխում են Հայաստան: Հավանաբար, վաղը երկու տուժածներին էլ  սանիտարական ինքնաթիռով տեղափոխեն Հայաստան»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարի կարծիքով՝ վթարի պատճառը եղել է վարորդի սխալը. «Փոքր մեքենայի մեջ եղել է 8 մարդ, բեռնախցիկում՝ երկու երեխա: Սա արդեն խոսում է անզգուշության ու անտարբեր վարքագծի մասին: Ես կոչ եմ անում բոլորին զգույշ լինել»,-նշեց նա:

Նախարարը ընդգծեց, որ ավտոմեքենաների տեխզննման գործընթացը պետք է խստացվի, այս ուղղությամբ  կոնկրետ ու կտրուկ քայլեր պետք է ձեռնարկվեն:

Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻՆ-ի  զբաղվածությունն այսօր ֆանտաստիկ ծանր է, կա հրդեհների աննախադեպ քանակ՝ անցած տարվա համեմատ 1600-ով ավելի:

«Այս հրդհները շատ հաճախ մարդկային գործոնի արդյունք են: Խոտածածակ տարածքներ են այրվում, որոնք մոտ են բնակավայրերին, շենքերին, անտառներին: Մենք մեկ ամսվա մեջ արդեն 4-5 անտառային հրդեհի դեպք ենք ունեցել: Ամեն պետական մարմին պետք է իր ֆունկցիան ճիշտ կատարի, որպեսզի այդպիսի իրավիճակ չստեղծվի: Խոտը պետք է ջրվի, ժամանակին հնձվի, որը չի արվում, դրա համար հեկտարներով այրվում են: Երևանում գիշերը էլի հսկայական տարածություն վառվում էր: 10-15 հա-ով այրվում են, որոնք  բնակելի տարածքների մոտ են լինում: Հիմա սրան զուգահեռ տեղի են ունենում դժվախտ պատահարներ, որոնց պատճառը նորից մարդկային գործոնն է»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

 

Placeholder
Վրաստանի վթարը խոսում է անզգուշության ու անտարբեր վարքագծի մասին. Ֆելիքս Ցոլակյան