Կոշտ գործողություններ՝ եկամուտները չհայտարարագրած երգիչների դեմ
Տնտեսություն
16:40 09/07/2019
Հայաստան

Կոշտ գործողություններ՝ եկամուտները չհայտարարագրած երգիչների դեմ

Պետական եկամուտների կոմիտեն հունիսից  կոշտ գործողություններ է սկսել այն  երգիչների նկատմամբ, որոնք չեն հայտարարագրում իրենց եկամուտները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական, մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք և յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ՝ քննարկումների։ Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր միջոցառումների նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից ստացված եկամուտները մենք կարծում ենք, որ չեն հայտարարագրվել», - նշեց ՊԵԿ նախագահը։

Հարցին՝ դա է կո՞շտ գործողությունը, Դավիթ Անանյանն արձագանքեց. «Եթե վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին անվանական նամակ է գրվում և նրան առերևույթ մեղադրանք է ներկայացվում, որ, օրինակ, նախորդ տարվա այսինչ միջոցառումն իրականացնելու արդյունքում ինքը որևէ կերպ՝ որպես հարկ վճարող, չի հայտարարագրել իր եկամուտները, դրանից կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում»:

Ըստ նրա՝ վաստակավորի կոչում ունեցողի համար այդ նամակն ամենակոշտ պատժիչ նշանակություն ունեցող փաստաթուղթն է։

ՊԵԿ նախագահը միաժամանակ նշեց, որ այսօրվա շոու բիզնեսի ոլորտում  կան օրինապահ երգիչ-երգչուհիներ,  և կապ չունի, թե իրենք արվեստի կոնկրետ որ բնագավառում են գործունեություն իրականացնում. «Կարծում եմ՝ մշակույթի ձևավորման ու ներքին համոզմունքի խնդիր կա։ Ներքին համոզմունքի ձևավորման հարցում մենք, կարծում եմ, դերակատարում կունենանք»:

 

Placeholder
Կոշտ գործողություններ՝ եկամուտները չհայտարարագրած երգիչների դեմ