«Գազպրոմից» աշխատանքային խումբ է գալու Հայաստան
Տնտեսություն
17:43 12/07/2019
Հայաստան

«Գազպրոմից» աշխատանքային խումբ է գալու Հայաստան

Գազի սակագնի հարցը բազմաբաղադրիչ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով գազի սակագնի շուրջ ընթացող բանակցություններին։

«Չեք պատկերացնի՝ ինչքան շատ կոմպոնենտներ կան, որոնք քննարկվել են և ենթակա են քննարկման, ուստի չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, քանի որ դեռևս մեծ աշխատանք կա անելու»,- ընդգծեց փոխվարչապետը՝ հավելելով, որ սակագների հետ կապված հստակ ոչինչ չեն կարող ասել։

Դիտարկմանը՝  խոսակցություններ կան, որ 2020 թվականի հունվարի 1-ից բարձրանալու է գազի սակագինը, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Ես նման պաշտոնական որևիցե ազդակ այս հարցի հետ կապված չեմ ստացել»:

Հարցին, թե գազի գինը ցածր է մնում «Գազպրոմ Արմենիայի» խնայողությունների հաշվին, դա որքա՞ն կարող է շարունակվել, փոխվարչապետն ասաց, որ անվերջ չի կարող տևել, բայց արդյունվետության հաշվին սահմանի գնի թանկացումը պահպանելը սցենարներից մեկն է, որը կրում է ժամանակավոր բնույթ:

Դիտարկմանը՝ ռուսական գազից հրաժարվելու և Իրանից գազ գնելու համար քաղաքական կամք կա, թե ոչ, Մհեր Գրիգորյանը նշեց, որ իրենց գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախևառաջ հայաստանցիների շահերից և որևէ կաշկանդվածություն այդ իմաստով չպետք է լինի։ Ինչ վերաբերում է տեխնիկական և գնային բաղադրիչներին, ապա, ըստ փոխվարչապետի, իհարկե, պետք է բանակցվի:

Հարցին՝ կարո՞ղ են ասել, որ գազի գնի հարցը կորոշվի հոկտեմբերին՝ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի ժամանակ, փոխվարչապետը պատասխանեց. «Նման սպասումներ չեմ ցանկանա ձևավորել, եկեք ավելի շատ կենտրոնանանք բանակցությունների և բաղադրիչների քննարկման վրա»։

Նա նաև նշեց, որ «Գազպրոմից» աշխատանքային խումբ է գալու Հայաստան՝ գազի սակագնի հարցը քննարկելու համար։

Placeholder
«Գազպրոմից» աշխատանքային խումբ է գալու Հայաստան