Գարեգին Բաղրամյան. Նոր էլեկտրակայանի շահագործման արդյունքում էլեկտրաէներգիան կէժանանա 1-1.5 դրամով
Տնտեսություն
12:40 12/07/2019
Հայաստան

Գարեգին Բաղրամյան. Նոր էլեկտրակայանի շահագործման արդյունքում էլեկտրաէներգիան կէժանանա 1-1.5 դրամով

Նոր կայանի շահագործման արդյունքում էլեկտրաէներգիան կէժանանա 1-1.5 դրամով
Երևանում այսօր տրվեց  նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկը։

Հանրային ծառայությունները կարգավրող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար։ Վերջինն արդեն շատ հին կայան  է ունի ցածր օգտակար գործողության գործակից, ռեսուրսներն էլ շատ քիչ է։

Նոր կայանի շահագործման արդյունքում, ըստ Բաղրամյանի, բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1-1.15 դրամով, իսկ ընդհանրապես կայանքի արտադրած էներգիան 4 դրամով ավելի էժան է լինելու։

«Այն լինելու է Հայաստանի ամենաարդիական կառույցը։ Այն 4 տոկոսով ավելի մեծ օգտակար գործողության գործակից կունենա, քան Երևանի ՋԷԿ-ը, իսկ դա նշանակում է, որ 1կվտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար ավելի քիչ վառելիք է ծախսելու, ինչի հաշվին էլ  գինը ցածր է ստացվում»,-ասաց հանձնաժողովի նախագահը։

Կայանը կառուցվում է «Սիմենս» ու «Ռենկո» ընկերությունների համագործակցության արդյունքում։

«Սիմենս ընկերության համար մեծ պատիվ է՝ սպասարկել այս ծրագիրն ու օժանդակել Հայաստանի էներգետիկ զարգացմանը։ Բարձր արդյունավետությամբ կայանը հնարավորություն կտա կրճատել էլեկտրաէներգիայի սակագինը»,-ասաց ընկերության տնօրենը։

Շինարարության մեկնարկը հայտարարող արարողությունը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ներդնել շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար: Ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական պետական «Սիմեստ» ու գերմանական «Սիմենս» ընկերությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններ: Կայանի կառուցումը նախատեսվում է իրականացնել շինարարության մեկնարկից 26 ամսվա ընթացքում: Ջերմաէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի գնի հետ համեմատած՝ նոր կայանի էլեկտրաէներգիայի արժեքը կլինի ավելի ցածր՝ 27,4 դրամ 1 կիլովատտ/ժամի համար:

Վարչապետին տեղեկացվել է, որ շինարարության փուլում կներգրավվի 1000-1200 մարդ՝ 250-300 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ շահագործման ընթացքում կստեղծվի շուրջ 230 աշխատատեղ: Կայանի օգտակար գործողության գործակիցը նախատեսվում է հասցնել 53 տոկոսի: Նոր արտադրող հզորությունը էներգետիկ համակարգում կօգտագործվի նաև տարածաշրջանային ծրագրերում, մասնավորապես Հայաստան-Իրան գազ էլեկտրաէներգիայի փոխանկման ծրագրում:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում, նոր ՋԷԿ-ի կառուցման հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել դեռ 2017 թվականի մարտի 20-ին։  Հայտարարվել էր, որ ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը նախատեսում է մոտ 250ՄՎտ հզորությամբ և մինչև 53 % ընդհանուր ՕԳԳ-ով համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի նախագծում, զարգացում, ֆինանսավորում, շինարարություն, շահագործում և տեխնիկական սպասարկում:

«Պատասխանատուների հավաստմամբ, ներդրումները կկազմեն շուրջ 285 մլն ԱՄՆ դոլար: Շինարարական աշխատանքները կտևեն 26 ամիս և կավարտվեն 2019 թվականի երկրորդ կեսին: Միայն շինարարության ընթացքում կստեղծվի 900 ժամանակավոր աշխատատեղ, իսկ շահագործման հանձնելուց հետո` շուրջ 200 մշտական և բարձր վարձատրվող աշխատատեղ: Նոր ջերմաէլեկտրակայանի շահագործման և տեխսպասարկման գործունեության տևողությունը 20 տարի է»,-հայտնել էին 2017-ին։













Placeholder
Գարեգին Բաղրամյան. Նոր էլեկտրակայանի շահագործման արդյունքում էլեկտրաէներգիան կէժանանա 1-1.5 դրամով