Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խնդրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին ունեցած մտահոգություններն իրեն ներկայացնել գրավոր։
«Պարոն Ալումյանն ինձ հրապարակային դիմել էր։ Դրանից հետո ես խոսել եմ նրա հետ, քննարկել ենք հարցը։ Պայմանավորվել ենք, որ պարոն Ալումյանը խնդիրների վերաբերյալ փաստարկները գրավոր կներկայացնի։ Ես էլ ուսումնասիրելուց հետո կհասկանամ, դա մեր իրավասության ներքո՞ է, թե՞ ոչ։ Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանները պնդում են, որ դրանք առնչվում են ոչ թե դատաքննությանը, այլ կազմակերպչական մասին»,-ասաց Թաթոյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
ՄԻՊ-ն ասաց, չի կարող խոսել Վենետիկի հանձնաժողովի գնահատականների մասին, քանի որ հարցը փաստաբանական թիմը բարձրացրել է դատարանում, այն քննության առարկա է։
«Բայց կարող եմ մի բան ասել։ Սահմանադրական դատարանն այդ գործերն ուղարկել է ինձ կարծիք հայտնելու համար։ Բոլոր դիմումների առնչությամբ մենք կարծիքներ ենք ներկայացնում։ Հիմա այդ հարցերն ուսումնասիրության ընթացքում են»,-ասաց նա։
Պաշտպանն ասաց՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի մտահոգությունները նաև պահման պայմանների վերաբերյալ, մի քանի օր առաջ այցելել է ՀՀ երկրորդ նախագահին։
«Ասեմ Ձեզ, որ այս գործով այն հարցերը, որոնք նախաքննության փուլում լուծվել են մեր միջամտությամբ, այս փուլում այլևս չեմ կարող նման բան անել։ Իմ խնդիրը հիմա պահման պայմանների հետ կապված հարցերն են։ Պահման պայմանների հետ կապված դժգոհություն չներկայացվեց»,-ասաց ՄԻՊ-ը։
Արման Թաթոյանի խոսքով, դատաքննության մասով մտահոգություններ են ներկայացվել, սակայն ինքն ասել է՝ գնահատական տալ, միջամտել չի կարող։
«Առանձնազրույցի մանրամասները հրապարակել չեմ կարող, քանի օր օրենքն արգելում է։ Ընդամենը կասեմ, որ մտահոգությունները նույնն են, ինչ բարձրաձայնում են նրա փաստաբանները հրապարակային»,-ասաց նա։