Էդ ի՞նչ փաստաթուղթ է, որ պիտի վարչապետը իմանար. Վ. Կարապետյանը՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին
Քաղաքական
17:15 16/07/2019
Հայաստան

Էդ ի՞նչ փաստաթուղթ է, որ պիտի վարչապետը իմանար. Վ. Կարապետյանը՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին

Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին լսելիս իշխանության ներկայացուցիչները  մեղմ ասած լարվում են։ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում մեծ դժկամությամբ, երբեմն բղավելով պատասխանեց արձանագրության վերաբերյալ հարցերին։

Նախ ասաց, դեռ երեկ մեկնաբանել է։ Խոսքը հավանաբար «Հայկական ժամանակ»-ին տված մեկնաբանության մասին է, որը հրապարակվել է երեկ կեսգիշերին մոտ։ Կառավարության էջում, Վլադիմիր Կարապետյանի ֆեյսբուքյան էջում վերջին օրվա ընթացքում ամանաշատ քննարկված հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի եղել։ Ավելին, հիշյալ մեկնաբանությունից հետո նոր հարցեր են առաջացել։

Panorama.am-ի հարցին, թե հաջողվե՞լ է  իրենց պարզել, ինչպես է արձանագրությունը դուրս եկել հանձնաժողովի պատերից, Կարապետյանն ասաց՝ համապատասխան քննարկումները դեռ շարունակվում են, այդ թվում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, քանի որ միայն հանձնաժողովի հետ առնչությունն ունեցողը կարող էր այն հրապարակային դարձնել։

Արդոք արձանագրությունը հանձնաժողովն ուղարկե՞լ է Հայաստանի կառավարությանը, նաև կառավարության ղեկավարին։  Այս հարցը բարկացրեց Կարապետյանին։

Ասաց՝ տեղյակ չէ, կառավարության անդամներին ուղարկվե՞լ է, թե՞ ոչ։ Պնդեցինք՝ իսկ վարչապետի՞ն։

«Էդ ի՞նչ փաստաթուղթ է, որ պիտի վարչապետը իմանար։ Դուք հասկանո՞ւմ եք, ինչի մասին եք խոսում։ Բա ինչի՞ եք էդ հարցը տալիս»,-բարկացավ նա։

Հիշեցրեցինք, որ արդարադատության նախարարությունը տարածած հայտարարության   մեջ  նշել է՝  հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, ապա հարցրեցինք, ե՞րբ  կլինի հայտարարությունը։

«Վաղը»,-ասաց Կարապետյանը։

Վերջինի՝  «Էդ ի՞նչ փաստաթուղթ է, որ պիտի վարչապետը իմանար» տրամաբանությամբ հարց է առաջանում, էդ ի՞նչ փաստաթուղթ է, որ վարչապետը պիտի հայտարարություն անի։

Ի դեպ, Կարապետյանին հիշեցրեցինք՝ մայիսի 27-ին արած իր հայտարարությունը  Վենետիկի հանձնաժողովի կողմից վեթթինգի իրականացմանն աջակցելու մասին։ Այստեղ էլ վարչապետի մամուլի խոսնակը բորբոքվեց։ Նրան բարեկրթության մասին հիշեցրեցինք, հանգստացավ, հարցը լսեց, ապա ասաց. «Ես հաստատում եմ, այն ինչ ասել եմ։ Եթե ես ասել եմ, ո՞նց կարող եմ չհաստատել»։

Placeholder
Էդ ի՞նչ փաստաթուղթ է, որ պիտի վարչապետը իմանար. Վ. Կարապետյանը՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին