Բուսաբանական այգու մի հատվածում նույնիսկ ոռոգման համակարգ չկա
Հասարակություն
17:27 16/07/2019
Հայաստան

Բուսաբանական այգու մի հատվածում նույնիսկ ոռոգման համակարգ չկա

Երևան քաղաքում ամառային ամիսներին հաճախ են բռնկվում հրդեհներ։ Հիմնական պատճառը, ինչպես պնդում են պատկան մարմինները, բարձր ջերմաստիճանն է ու չոր խոտերը։ Երևանի քաղաքի Բուսաբանական այգում նույնպես պարբերաբար հրդեհներ են բռնկվում։ Վերջին հրդեհը հուլիսի 13-ին էր, այրվել էր, ըստ ԱԻՆ-ի, 15 հեկտար բուսածածկ տարածք։ Բուսաբանական այգու փոխտնօրեն Սահակ Վարդանյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ հրդեհի բռնկման պառճառը դեռ հայտնի չէ, մասնագետներն ուսումնասիրում են, փորձում պարզել՝ մարդածին գործոնն է պատճառը, թե արևի ճառագայթները։ Նա նշեց, որ այգու տարածքում կան չոր հատվածներ, որոնք չեն ոռոգվում, իրականում հրդեհավտանգ իրավիճակ է։

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այգու տարածքում կան տեսախցիկներ, տարածքը հսկող անվտանգության աշխատակիցներ։ Ս. Վարդանյանն ասաց, որ այգու այն հատվածում, որտեղ հրդեհ է բռնկվել, տեսախցիկներ չկան։

«Այգու այդ տարածքը կոլեկցիոն հատվածը չէ, որտեղ բույսերի աշխարհագրական հավաքածուներ լինեն»,- ասաց Ս.Վարդանյանը։

Նրա խոսքով, այդ հատվածում հիմնականում խոտեր են, թփուտներ, ծառերը քիչ են։ Բուսաբանական այգու փոխտնօրենի խոսքով, 80 հեկտար տարածքում ընդամենն անվտանգության երկու աշխատակից ունեն, որոնք պարբերաբար շրջում են այգում, սակայն նման տարածքը երկու հոգու համար մեծ է։

Ս. Վարդանյանը նշեց, որ այգու այն հատվածը, որտեղ հրդեհ էր բռնկվել,  ոռոգման համակարգից դուրս է, այսինքն այդ մասը պարզապես հնարավոր չէ ոռոգել։
 

Placeholder