Վարդավառի ժամանակ գրանցվել են վնասվածքների, տրավմաների դեպքեր
Առողջություն
16:08 29/07/2019
Հայաստան

Վարդավառի ժամանակ գրանցվել են վնասվածքների, տրավմաների դեպքեր

Երևանում վերջին օրերին գրանցվող բարձր ջերմաստիճանի պայմաններում շտապօգնության կանչերը չեն ավելացել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ ինչպես նախորդ ամիսներին, այնպես էլ հիմա մայրաքաղաքում օրական գրանցվում է միջինը 650-690 կանչ:

Նրա խոսքով՝ ավելի շատ կանչեր գրանցվել են ձմռան ամիսներին:

«Անկախ շոգից, շտապօգնության հիմնական կանչերը կապված են սիրտ-անոթային հիվանդությունների, սուր-շնչառական հիվանդությունների և վնասվածքների հետ»,- ասաց Թագուհի Ստեփանյանը՝ հավելելով, որ ամառային տապին արևահարության դեպքերով կանչեր շտապօգնության ծառայությունը չի ստացել:

Շտապօգնության ծառայության տնօրենից հետաքրքրվեցինք, թե արդյոք Վարդավառի ժամանակ լուրջ դեպքեր են գրանցվել, վերջինս նշեց, որ երեկ սպասարկել են 6 քաղաքացու, որից 4-ը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա խոսքով՝  կանչերը հիմնականում պայմանավորված էին  վնասվածքների, տրավմաների հետ:

Անդրադառնալով  շտապօգնության ծառայության աշխատանքին՝  Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ մինչև օգոստոսի վերջ բրիգադների թիվը կավելանա 15-ով՝ հասնելով 50-ի:

Միաժամանակ նա քաղաքացիներին հորդորեց շտապօգնություն դիմել միայն անհրաժեշտության դեպքում:

«Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, քանի որ սպասարկում ենք նաև ոչ անհետաձգելի կանչեր: Կանչ են տալիս նաև այն քաղաքացիները, որոնք կարող են դիմել իրենց պոլիկլինիկա, ընտանեկան բժշկին, մինչդեռ կան ավելի անհետաձգելի դեպքեր, որտեղ մարդու կյանքը վտանգված է, և հնարավոր է, որ բրիգադները  ֆիզիկապես ուղղակի չհասցնեն հասնել այս կամ այն կանչին»,- նշեց Թագուհի Ստեփանյանը:

Անդրադառնալով շտապբուժօգնության ծառայության աշխատակիցների բողոքներին, որոնք վերաբերում էին ցածր աշխատավարձերին, բժշկական ապահովագրության բացակայությանն ու աշխատանքային պայմաններին, ծառայության տնօրենն ասաց, որ բժշկական  ապահովագրության հարցը լուծվել է, իսկ աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է 2020թ-ի հունվարի 1-ից:

Ինչ վերաբերում է  բուժանձնակազմի աշխատանքային պայմաններին, Թ.Ստեփանյանն ասաց, որ շտապօգնության ենթակայանները վերանորոգելու ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում:

 

Placeholder
Վարդավառի ժամանակ գրանցվել են վնասվածքների, տրավմաների դեպքեր