Արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ հարուցված է վարչական վարույթ
Իրավունք
10:15 30/07/2019
Հայաստան

Արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ հարուցված է վարչական վարույթ

Արդեն քանի օր է  անհատները, հկ-ները փորձում են մաքրել Արարատի մարզի Հովտաշեն համայնքի արագիլներին, կերակրել, բուժել կոտրված թևերը։ Քանի օր է քննարկվում է պետական մարմինների անգործունեությունը, panorama.am-ը հարցումներ է ուղարկել...  Ու նոր միայն՝ «աղտոտվածության փաստի վերաբերյալ  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ»։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ թռչունների աղտոտվածության պատճառը՝ Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է։

Ի դեպ՝ դա հայտնի էր հենց սկզբից, հարց էր՝ իսկ ով  է մեղավոր այդ «յուղային շերտի» համար։

«Տեղանքի ջրային տարածքներից կատարվել են լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ Հրազդան գետի տարբեր հատվածներից, շրջակա ջրանցքներից։

Ուսումնասիրության և գետերում առկա նյութերի հետ նույնականացման նպատակով յուղոտված փետուրներով արագիլի առանձնյակը տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ։

Ուսումնասիրություններ են կատարվում այն տնտեսավարող սուբյեկտների մոտ, որտեղից կարող է հնարավոր լինել վերոնշյալ նյութերի արտահոսքը։

Աղտոտման հիմնական աղբյուրի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։
ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի և Տեսչական մարմնի լաբորատոր հետազոտությունների արդյունքների համադրման և ամփոփման ավարտից հետո նախապատրաստված նյութերը  կփոխանցվեն իրավապահ մարմիններին։

Խնդիրը գտնվում է Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում»


Լավ է, որ խնդիրը ուշադրության կենտրոնում է ու ուսումնասիրություննե են գնում, բայց մինչև պետական կառույցները՝ «մեկ-երկու-երեք-չորս...»՝  արագիլներին փրկելու գործը անում են լրիվ ուրիշները։։


 

Placeholder
Արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ հարուցված է վարչական վարույթ