Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվա-Գյումրի չվերթ իրականացվող «Պոբեդա» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը մոտ երկու ժամ առաջ հաստատել է՝ ձմռան սեզոնին ընդառաջ տոմսերի վաճառքը դադարեցված է։
Panorama.am-ը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանից փորձեց պարզել, արդո՞ք խնդրի մասին տեղյակ են եղել, ի՞նչ քայլեր են ձեռնարկում։
Ռևազյանը խոստովանեց` խնդրի մասին իմացել է հրապարակումից հետո միայն։ Գիտի, որ հարցը «Զվարնթոց» օդանավակայանի ու ռուսական լոուքոսթերի միջև է։ Խնդիրն էլ որակում է «շատ աբսուրդ»։
«Իրենք իրար հետ հիմա շփման մեջ են։ «Պոբեդա»-ի հայաստանյան ներկայացուցիչը ինձ զեկուցել է, որ խնդիրը լուծված է։ Ես զանգեցի ավիաընկերության ներկայացուցիչին, ինձ ասել է՝ խնդիրը լուծվել է։ Հենց երկու րոպե առաջ ասացին»,-Panorama.am-ին ասաց կոմիտեի ղեկավարը։
Հարցին՝ նրա խոսքից կարելի՞ է ենթադրել, որ Մոսկվա-Գյումրի չվերթները կշարունակվեն, Ռևազյանը պատասխանեց. «Կարող ենք ենթադրել։ «Պոբեդա»-ի ներկայացուցչի ասածով՝ այո»։
Կոմիտեի ղեկավարությունը չի՞ պատրաստվում կապ հաստատել ավիաընկերության ու օդանավակայանի ղեկավարությունների հետ, Ռևազյանն ասաց. «Մենք օդանավակայանի, «Պոբեդա»-ի ղեկավարներին կանչել ենք հանդիպման, որ հասկանանք, թե կոնկրետ ի՞նչ է եղել, ի՞նչի է էս հարցն առաջացել, որ հետագայում նման խնդիր էլ չլինի»։
Հիշեցնենք, որ դեպի Գյումրի թռիչքների դադարեցման մասին հայտարարել էր «ՏԱՍՍ» գործակալությունը։ Ավիաընկերությունից որպես այդ քայլի պատճառ նշել էին Գյումրիում վառելիքի թերի լիցքավորումը։