«Վուլվերհեմփթոն»-ն իր երկրպագուներին խորհուրդ է տալիս Երևանում ուտել բաստուրմա, խորոված ու հայկական «Սնիկերս»
Սպորտ
14:22 08/08/2019
Հայաստան

«Վուլվերհեմփթոն»-ն իր երկրպագուներին խորհուրդ է տալիս Երևանում ուտել բաստուրմա, խորոված ու հայկական «Սնիկերս»

Երևանի «Վազգեն Սարգսյան» հանրապետական մարզադաշտում այսօր երեկոյան կայանալիք «Փյունիկ»- «Վուլվերհեմփթոն» հանդիպմանն ընդառաջ անգլիական ակումբի պաշտոնական էջը ուղեցույց է հրապարակել Հայաստան եկող երկրպագուների համար։

Ակումբը նախ մանրամասնում է, թե ինչպես կարելի է  օդանավակայանից  հասնել մարզադաշտ։




««Զվարթնոց» օդանավակայանը տեղակայված է Երևանից 14 կմ հեռավորության վրա, մեքենայով մարզադաշտ հասնելու համար կպահանջվի 20 րոպե։ Օդանավակայանից մարզադաշտ կարելի է հասնել կամ տաքսիով, կամ ավտոբուսով։ Երկրպագուները կարող են քաղաք հասնել Airport Express-ով, այն 30-40 րոպեում հասնում է  Երիտասարդական մետրոյի մոտ, դրանք շարժվում են ամեն 30 րոպեն մեկ, տոմսն արժե 300 դրամ»,-նշում է ակումբն ու հիշեցնում, որ օդային ճանապարհը Հայաստան հասնելու միակ իրական հնարավորությունն է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանները փակ լինելու պատճառով։

Անգլիացի երկրպագուներին տեղեկացնում են, որ պայուսակներ կարելի է ներս տանել, բայց ստուգելուց հետո։ Որևէ տեսակի շիշ մարզադաշտ տանել չի կարելի։ Նրանց մուտքը լինելու է մարզադաշտի հյուսիս-արևելյան մասից։

Գայլերի ակումբը խորհուրդ է տալիս իրենց աջակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Մարզադշատը հրապարակից ընդամնեը 2 կմ հեռավորության վրա է, բացի այդ հարակից տարածքում շատ են ռեստորաններն ու սրճարանները։

Ի՞նչ ուտել Երևանում։ Այս առումով էլ խորհուրդներ կան։

Հայաստանում գտնվելիս պետք է ուտել բաստուրմա, խորոված, խաշլամա, լավաշ, տոլմա, գաթա, չուչխելա։ Վերջինը անգլիացիներին ներկայացվում է  որպես հայկական «Սնիկերս»։

Placeholder
«Վուլվերհեմփթոն»-ն իր երկրպագուներին խորհուրդ է տալիս Երևանում ուտել բաստուրմա, խորոված ու հայկական «Սնիկերս»