«Սանիթեք»-ը պետական բյուջե չի վճարել շուրջ 580 մլն դրամ. ՊԵԿ փոխնախագահ
Տնտեսություն
16:27 13/08/2019
Հայաստան

«Սանիթեք»-ը պետական բյուջե չի վճարել շուրջ 580 մլն դրամ. ՊԵԿ փոխնախագահ

Կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկների համաձայն՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը 2018 թվականի հունվար-սեպտեմբերին չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել 299 մլն 918.3 հազար դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղը` 280 մլն 429.1 դրամ ԱԱՀ:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը, քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ hայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել 2018թ. բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշիվները:

«Երևանի քաղաքապետարանի հետ կնքվել էր ծառայությունների մատուցման պայմանագիր, որով «Սանիթեք» ընկերությունն ի սկզբանե հանդիսացել է ԱԱՀ վճարող։ Հետագայում, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ընկերությունը գտել է, որ իր գործունեության մի մասը՝  աղբի տեղափոխումը, կարող է դիտարկել հաստատագրված վճարների մասին օրենքով նախատեսված բեռնափոխադրումների հասկացության ներքո: Սա նշանակում է, որ ընկերությունը գործունեության մի մասը` սանիտարական մաքրման ու ձմեռային պահպանության ծառայությունները, շարունակել է վճարել ԱԱՀ-ով, իսկ աղբահանության գործընթացը համարել է բեռնափոխադրում ու իրենց համարել են հաստատագրված վճար վճարող»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Նշվեց նաև, որ վարույթն իրականացնող մարմինն իր գործառույթներին համապատասխան այդ փաստին ևս ընթացք տալու նպատակով՝ չհայտարարագրված և չկատարված հարկային պարտավորությունների չափը պարզելու համար նշանակել է ստուգում. կատարումը հանձնարարվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, սակայն ստուգման ակտը դեռևս չի ստացվել:

 

Placeholder
«Սանիթեք»-ը պետական բյուջե չի վճարել շուրջ 580 մլն դրամ. ՊԵԿ փոխնախագահ