Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինձ համար տնտեսական ռիսկերն այս պահին շատ ավելի մեծ են, քան բնապահպանականը. Թունյան
«Բնական է, որ բոլորի կարծիքները չեն կարող նույնը լինել, փորձաքննությունն էլ այնպիսի բան է, որ կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«Մի մասը կարող է գտնել, որ այդտեղ ռիսկեր չկան, մի մասն էլ կարող է գտնել, որ շատ խնդրահարույց է, նորմալ է, որ այդ հարցում կարծիքները տարանջատվեն, բայց վերջնական որոշում այդ հարցում դեռ չկա»,- նշեց նա։
Թունյանի կարծիքով, եթե բավարար հիմքեր չկան հանքի գործունեությունը դադարեցնելու համար, այսինքն հիմքեր, որոնցով հնարավոր կլինի արբիտրաժի դեպքում այդ դատը շահել, միանշանակ պետք է շահագործվի։
«Պետք է նկատի ունենանք, եթե այս տիպի տարբերակում Ամուլսարի հանքի թույլտվությունը վերցնում ենք հետ, թույլ չենք տալիս, որ շահագործվի, ուրեմն այդ տրամաբանությամբ պետք է Հայաստանի բոլոր հանքերի թույլտվությունները վերցնել»,- ասաց Թունյանը։
Ինչ վերաբերում է սրա հետևանքներին ներդրումների վրա՝ նա ասաց. «Սա շատ վատ ազդակ է պոտենցիալ ներդրողների համար։ Եթե որոշվի, որ հանքը պետք է փակվի, ուրեմն նշանակում է, որ ցանկացած ուրիշ ներդրման ժամանակ նման որոշում կարող է լինել։ Միգուցե ես ավելի շատ տնտեսական ռիսկն եմ տեսնում, բայց ինձ համար տնտեսական ռիսկերն այս պահին շատ ավելի մեծ են ու ավելի կանխատեսելի, քան բնապահպանականը»։