Աղեկյանը կոյուղաջուր է բերել քաղաքապետարան
Օրվա թեմա
13:05 20/08/2019
Հայաստան

Աղեկյանը կոյուղաջուր է բերել քաղաքապետարան

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն իր թիմակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց:

Աղեկյանը հայտնեց, որ իր հետ դույլով կոյուղաջուր էր բերել։

«Աղյուսագործների փողոցի խողովակաշարից վերցված կոյուղաջուրը ուզում ենք փոխանցել քաղաքապետին, որպեսզի նա վայելի այս գարշահոտությունը։ Մենք բազում անգամ կոչ արեցինք, որպեսզի գար և խնդրին տեղում ծանոթանար, ինչպես որ խոստացել էր քվե աղերսելիս»,- ասաց Աղեկյանը՝ հավելելով, որ քաղաքապետը թող համարձակություն ունենա և մեկ րոպե շնչի դույլով կոյուղաջրի հոտը։

Քաղաքապետարանի ներկայացուցիչը ասաց Աղեկյանին, որ խնդիրը լուծելու շուրջ գործողություններ են իրականացվում, քաղաքապետարանում խնդրին տեղյակ են և լուծուներ են փնտրում։

«Խնդրին տեղյակ լինելը մեկ այլ բան է, լուծում տալը՝ մեկ այլ: Խնդիրը հրատապ է: Կարծում եմ՝ դուք աշխատավայրում էլ եք օգտվում զուգարանից, իսկ այս մարդիկ տանը չունեն զուգարան»,- պատասխանեց Աղեկյանը։

Սոնա Աղեկյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանին ասաց, որ անցած անգամ, երբ իր հետ կոյուղաջուր էր բերել,  քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը թափեց կոյուղաջուրը և այն չհասավ հասցեատիրոջը։

Նա պաշտոնյային խնդրեց կոյուղաջրով լի դույլը փոխանցել քաղաքապետին. «Պարոն քաղաքապետին փոխանցեք, որ մեկ, իսկ եթե կկարողանա երկու րոպե այս հոտը շնչել և հենց այսօր խնդրին լուծում տա»։

Արթուր Մկրտչյանը քիչ անց նորից մոտեցավ ակցիայի մասնակցիներին՝ նշելով, որ այս պահին քաղաքապետարանը բանակցում է կոյուղագիծը փակած  բնակիչների  և «Վեոլիա ջուր» ընկերության հետ՝ տեխնիկական լուծումներ գտնելու համար։

«Բարդ տեխնիկական խնդիրներ կան, լրացուցիչ բնակիչներին կտեղեկացնենք»,- ասաց նա։

Դրանից հետո Սոնա Աղեկյանը ոստիկաններին ասաց, որ դույլը թողնում է քաղաքապետարանի շենքի դիմաց, որպեսզի այն փոխանցեն քաղաքապետին։ Նա նաև նշեց, որ իրենք հետևողական կլինեն, որպեսզի հասկանան՝ իսկապես քաղաքապետարանը զբաղվում է խնդրով։ 

Placeholder
Աղեկյանը կոյուղաջուր է բերել քաղաքապետարան