Տիգրան Մանսուրյանն այն կոմպոզիտորներից է, որոնց աշխարհն է հետևում
Մշակույթ
14:03 28/08/2019
Հայաստան

Տիգրան Մանսուրյանն այն կոմպոզիտորներից է, որոնց աշխարհն է հետևում

«Երջանիկ եմ, որ ապրում եմ նույն երկրում, նույն քաղաքում, որտեղ ապրում է Տիգրան Մանսուրյանը, երջանիկ եմ, որ այսօր նստած եմ մաեստրոյի կողքին»,- այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանի առթիվ «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարին նվիրված ասուլիսի ժամանակ։

Քաղաքապետը նշեց, որ կոմպոզիտորի հոբելյանը կնշանավորվի մի շարք համերգային ծրագրերով: Համերգներ են նախատեսված Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում։

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ասաց, որ այս տարի նշում ենք Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակները, տարվա ընցթացքում մի շարք հոբելյանական միջոցառումներ են անցկացվել, իսկ հոբելյանական միջոցառումների երկրորդ փուլը մեկնարկելու է աշնանը՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին։

«Մանսուրյանի կողքին գտնվելը մեծ պատիվ է բոլորիս համար։ Վարպետի հետ շփվելով՝ հասկացա, որ 80-ը շատ հարաբերական է, քանի որ նա շատ երիտասարդ է, անընդհատ ստեղծագործում է, վստահ եմ, որ առաջիկայում Տիգրան Մանսուրյանը դեռ շարունակելու է մեզ զարմացնել»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ նշեց, որ «Մանսուրյան-80» համերգաշարի 5 համերգների ընթացքում կհնչեն մաեստրոյի կինոերաժշտությունը, ինչպես նաև սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ։

Դիրիժորը բարձր գնահատելով մաեստրոյի արվեստը՝ նշեց, որ Տիգրան Մանսուրյանն այն կոմպոզիտորներից է, որոնց աշխարհն է հետևում։

«Տարիների ընթացքում ինձ ավելի ապահով եմ զգում։ Երևի իմ երաժշտությունն է այդ ապահովության զգացողությունը տվել և տարածել»,- նշեց Տիգրան Մանսուրյանը:

Նա միջոցառումների այս շարքի համար շնորհակալություն հայտնեց իշխանություններին: Մաեստրոյի խոսքով՝ այս հսկայական աշխատանքի տակ ուժ է դրված, եռանդ և միջոցներ, և սա արվեստի, երաժշտության նկատմամբ իշխանությունների ուշադրությունն է ներկայացնում։

«Մանսուրյան-80» երաժշտական փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ Արցախի «Վերածննդի» հրապարակում: Բացօթյա համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Մանսուրյանի կինոմեղեդիները։ Կոմպոզիտորի հայտնի ստեղծագործություններն առաջին անգամ կհնչեն նոր գործիքավորմամբ։

Սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կթևածի մաեստրոյի երաժշտությունը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Սարյանի անվան լարային քառյակը, դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։

Սեպտեմբերի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները։ Սեպտեմբերի 6-ին երևանյան համերգին սիմֆոնիկ նվագախումբն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Մանսուրյանի կինոերաժշտությամբ։

Համերգների մուտքը կլինի տոմսերով, և բոլոր երաժշտասերները հնարավորություն կունենան համերգաշարի մասնակից դառնալ։

Փառատոնը կեզրափակվի Գյումրիում, սեպտեմբերի 13-ին՝ «Սև բերդ» հուշարձանում։
Մաեստրոյի հոբելյանին նվիրված ծրագրի շրջանակում կթողարկվեն սահմանափակ թվով արծաթյա հուշանվերներ։ Դրանք հատուկ համերգաշարին մասնակցելու նպատակով Երևան ժամանող հյուրերին տարիներ անց կհիշեցնեն երաժշտական բացառիկ օրերի մասին։


 

Placeholder
Տիգրան Մանսուրյանն այն կոմպոզիտորներից է, որոնց աշխարհն է հետևում