Չայկովսկու անվան դպրոցում նշել են 100-ամյա ուսուցչուհու տարեդարձը
Կրթություն, գիտություն
19:40 30/08/2019
Հայաստան

Չայկովսկու անվան դպրոցում նշել են 100-ամյա ուսուցչուհու տարեդարձը

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում այսօր հանդիսավորությամբ նշվել է կրթօջախի երկարամյա ու վաստակաշատ ուսուցչուհի Մարիամ Տոնյանի 100-ամյակը: Հոբելյարը դպրոցի հիմնադրման օրվանից մինչ օրս` ավելի քան 82 տարի աշխատում է դպրոցում`  որպես «Հարմոնիա» առարկայի ուսուցչուհի:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ տարեդարձի առթիվ նրան հանձնել են ՀՀ նախագահի «Երախտագիտության մեդալը»։ Այն Մարիամ Տոնյանին շնորհվել է երկարամյա աշխատանքի համար` ՀՀ վարչապետի միջնորդությամբ:

Մարիամ Տոնյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հարազատ դպրոցին, սիրելի կոլեկտիվին սաներին, պետությանը. «Ես միշտ գոհ եմ եղել իմ աշխատանքից և այսօր էլ  շնորհակալ եմ «Երախտագիտության մեդալի» համար»,- նշել է նա:

Հոբելյանական միջոցառումը շարունակվել է տոնական համերգով, որի սկիզբը Մարիամ Տոնյանի խնդրանքով ազդարարվել է Առնո Բաբաջանյանի «Պոեմ» ստեղծագործությամբ` Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, հոբելյարի նախկին աշակերտ Անահիտ Ներսիսյանի կատարմամբ:

Տոնական ցերեկույթին ներկա են եղել Մարիամ Տոնյանի ներկա և նախկին սաները, ընտանիքի անդամները, նրա մեկդարյա կենսագրության գործընկերները:
 

Placeholder