Բաղանիսի նոր մանկապարտեզը՝ սահմանից հեռու անվտանգ տարածքում
Հասարակություն
14:07 02/09/2019
Հայաստան

Բաղանիսի նոր մանկապարտեզը՝ սահմանից հեռու անվտանգ տարածքում

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքում  այսօր նորակառույց մանկապարտեզն իր դռները բացեց երեխաների առջև։ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մանկապարտեզը կառուցվել է  գյուղի անվտանգ տարածքում:

«Կարևորն այն է, որ սահմանից հեռու է, թշնամու նշանառության տակ չի գտնվում։ Եւ այսուհետ բաղանիսցի փոքրիկները կհաճախեն ապահով և հարմարավետ մանկապարտեզ»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր շենքը բավականին գեղեցիկ է, գտնվում է գետի ափին, այն ունի ջեռուցման համակարգ, տաքացվող հատակ, դրսի խաղասրահ, ամառային թատրոն։

Մանկապարտեզը  կառուցվել է ԱՄՆ-ում գործող «Փարոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Շինարարությունը սկսվել է 2018 թ-ի սեպտեմբերին և ավարտվել այս տարվա հունիսին։

«Պաշտոնական բացումը եղել է հունիսին, սակայն արձակուրդների ժամանակ այն չի գործել, այդ ընթացքում որոշ կիսատ մնացած գործերն ենք ավարտել և այսօրվանից են երեխաները  մանկապարտեզ հաճախում»,- նշեց գյուղապետը։

Նարեկ Սահակյանն ասաց, որ Բաղանիսում 1991թ-ից մինչև 2013թ-ը մանկապարտեզ չի եղել։։ Խորհրդային տարիների մանկապարտեզը պատերազմի ժամանակ գնդակոծության հետևանքով դադարեցրել է իր գործունեությունը: 2013թ-ին գյուղապետարանի առաջին հարկի սենյակներից մեկը  վերանորոգել են և 6 տարի այն գործել է որպես մանկապարտեզ։


Լուսանկարները՝ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից։ 

Placeholder
Բաղանիսի նոր մանկապարտեզը՝ սահմանից հեռու անվտանգ տարածքում