Արցախի քաղաքներում հիմնականում հաղթանակ են տարել «Ազատ Հայրենիք»-ի անդամները
Քաղաքական
11:08 09/09/2019
Հայաստան

Արցախի քաղաքներում հիմնականում հաղթանակ են տարել «Ազատ Հայրենիք»-ի անդամները

Արցախի Շուշի քաղաքն առաջիկա տարիներին կղեկավարի Արծվիկ Սարգսյանը։ Նախօրեին կայացած ընտրություններում նրա օգտին քվեարկել է 879 ընտրող։  Արծվիկ Սարգսյանը Շուշի համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է, անկուսակցական։

ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն, գրանցված թեկնածուներից Արթուր Հայրապետյանը ստացել է 184 ձայն, Խաչատուր Հայրիյանը՝ 120 ձայն, Վլադիկ Համբարձումյանը՝ 56 ձայն։ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով, քվեարկությանն այստեղ մասնակցել է 1813 մարդ։

Ասկերանում առավել մեծ թվով ձայներ ստացել է Սամվել Աղաջանյանը՝ 469։ Նա գործող համայնքապետն է, «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է։ Մյուս թեկնածուներից Արմեն Բախշիյանը, Նվեր Գաբրիելյանը ստացել է 304 ձայն։ Քաղաքապետի ընտրություններին այստեղ մասնակցել է 1232 ընտրող։

Մարտակերտում քաղաքապետ է ընտրվել Միշա Գյուրջյանը։ 1824 ընտրողից նրա օգտին քվեարկել են 945-ը։ Նա գործող քաղաքապետն է, անկուսակցական։

Մարտունիում քաղաքապետ է ընտրվել Հայկ Սարգսյանը։ Նա ստացել է 1292 ձայն։ Մյուս թեկնածուն Վադիմ Դանիելյանը նրան զիջել է ավելի քան 200 քվեով՝ ստանալով 1051 ձայն։ Ընտրված թեկնածուն «Ազատ հայրենիք» կուսակցությունից է, «Գոռ Սարգսյան» ՍՊԸ-ի տնօրենն է։

Քարվաճառում 210 ձայնով ընտրվել է Սերգեյ Չիլինգարյանը։ Նա գործող քաղաքապետն է, «Ազատ Հայրենիք» կուսակցությունից։ Նրա մրցակից Սերոբ Նալթակյանի օգտին քվեարկել է 190 ընտրող, ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 407 քաղաքացի։

Հարդրութի քաղաքապետ է ընտրվել Վահան Սավադյանը՝ 676 ձայնով։ Նա անկուսակցական է, աշխատում է «Արցախէներգո» ընկերությունում որպես  ճարտարագետ։ Նրա միակ մրցակից Արծվիկ Հայրապետյանի օգտին քվեարկել է 565 ընտրող։

Բերձորում քաղաքապետ է ընտրվել Նարեկ Ալեքսանյանը։ Նա ստացել է 306 քվե։ Նա համայնքապետի տեղակալն է, «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ։ Քվեարկությանը մասնակցել է 986 ընտրող։

Հիշեցնենք, որ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահն է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով մտադիր է մասնակցել Արցախի նախագահի՝ 2020 թվականին կայանալիք ընտրություններին։

Placeholder