Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել
Քաղաքական
13:22 11/09/2019
Աշխարհ

Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել

Ճապոնիայի կառավարությունն այսօր առավոտյան ամբողջ կազմով հրաժարական է տվել։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, հայտնել է «Կիոդո» գործակալությունը:

Վարչապետ Սինձո Աբեն ընդունել է իր կաբինետի հրաժարականը: Հրաժարականի պատճառը հուլիսին կայացած խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո կառավարության կազմում Աբեի պլանավորած փոփոխությունն է  և  հոկտեմբերին սպառողական հարկերի 10 տոկոս բարձրացումը։

Եթե անցած տարվա հոկտեմբերին կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունների ընթացքում շատ նախարարներ պահպանեցին իրենց պաշտոնները, ապա այժմ միայն կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդ Սուգան և ֆինանսների նախարար Տարո Ասոն կմնան իրենց պաշտոններում:

Երկու նախարարները կփոխարինվեն, ինչպես ասում են Ճապոնիայում, «հորիզոնական» ձևով. արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն կդառնա էկոնոմիկայի նախարար, իսկ արտաքին գործերի նախարարությունը կղեկավարի ներկայիս տնտեսական վերականգնման նախարար Տոսիմիցու Մոտեգին: Նախկին կաբինետներում նախարարների պաշտոններ զբաղեցրած ևս երկու հոգի կրկին կվերադառնան կառավարություն, իսկ մնացած 13-ն առաջին անգամ կմիանան կառավարությանը:

Ակնկալվում է, որ այսօր կեսօրին կհայտարարվի կառավարության նոր կազմի մասին: Այնուհետև երեկոյան նոր կաբինետը կհաստատվի կայսեր կողմից, որից հետո այն կհամարվի ձևավորված։

Placeholder