«Սանիթեք»-ի աղբամանները՝  գետնին փռած
Հասարակություն
12:57 12/09/2019
Հայաստան

«Սանիթեք»-ի աղբամանները՝ գետնին փռած

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում նոր աղբամանների կողքին «Սանիթեք» ընկերության աղբադույլերը պառկեցված են կամ գլխիվայր շրջված այնպես, որ բնակիչները աղբ լցնել չկարողանան։ Խմբագրության լրագրողները, ինչպես նաև քաղաքացիները ֆիքսել են, որ դրանք մի  քանի օր է՝ անշարժ են ու նույն դիրքով։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Panorama.am-ին ասաց, դրանք գլխիվայր շրջում են ու պառկեցնում քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի աշխատակիցները։

«Այո, պառկեցնում են, որ տեղափոխեն։  Որոշները թողնում են այնպես, ինչպես կան,  որոշներն էլ տեղափոխում են ուրիշ շրջաններ»,-ասաց նա։

Մամուլի խոսնակը նշեց, որ ընկերության աղբամանները շարունակվելու են օգտագործվել։

«Եթե նայեք, շատ տեղերում իրար կողքի դրված են։ Ժամանակավոր, մինչև Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի բոլոր աղբամանները ներկրվեն  և տեղադրվեն»,-ասաց նա։

«Սանիթեք» ընկերությունը, որը շարունակում է  չմաքրել Երևանը, իր աղբադույլերը չի հավաքել ու չի հավաքում։

«Դրանք շրջում, ապա հավաքում են քաղաքապետարանին պատկանող ընկերության աշխատակիցները։ Դրանք տեղափոխում են նույն համայնքի բակային տարածքներ, քանակը շատացնում, իսկ իրենց նորերը տեղադրում հիմնական փողոցներում»,-Panorama.am-ին ասացին ընկերությունից։

Ի դեպ, հիմնարկի աշխատակիցները պառկեցնում են ճիշտ նույնքան աղբաման, որքան նորն են ավելացրել։ Օրինակ, Արամի փողոցում տեղադրել են մեկ նոր աղբաման, ու չնայած շուրջ բոլորը փռված աղբի կույտերին, ընկերության աղբամաններից մեկը դուրս է բերվել գործածությունից։












 

Placeholder
«Սանիթեք»-ի աղբամանները՝ գետնին փռած