Արտաշատում ընտրությունները թեժ են լինելու
Քաղաքական
10:52 12/09/2019
Հայաստան

Արտաշատում ընտրությունները թեժ են լինելու

Արարատի մարզկենտրոն Արտաշատում  սեպտեմբերի 29-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 48 թեկնածու։ Նրանք պայքարում են 15 տեղի համար։

Ըստ ԿԸՀ հրապարակած տեղեկությունների, 48 թեկնածուներից 45-ն ինքնաառաջադրված են, երկու թեկնածու առաջադրել է ԲՀԿ-ն, մեկը՝ Հանուն սոցիալական արդարության կուսակցությունը։ Առաջադրված թեկնածուներից 7-ը կանայք են։

Պայքարի մեջ են մտել ձեռնարկատերեր, ընկերությունների ղեկավարներ, դասախոսներ, դպրոցի ու ավտոդպրոցի տնօրեն, նույնիսկ ուրոլոգ ու ստոմատոլոգ։

Սեպտեմբերի 29-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը կմեկնարկի  սեպտեմբերի 17-ին, կավարտվի 27-ին։ Թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 19-ը։

Արտաշատի ավագանու անդամների արտահերթ ընտրելու վերաբերյալ գործադիրը որոշում կայացրեց հունիսի 20-ի նիստում։ Համայնքի  ավագանու թվով 15 անդամները ընտրվել էին 2016 թվականի սեպտեմբերի 18-ին։ Այս տարվա մայիսին համայնքի ավագանու 15 անդամներից 8-ը հրաժարականի դիմում էին ներկայացրել:

Այդ հանգամանքով պայմանավորված, անհնարին է դարձել Արտաշատ համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 15 անդամից մնացել են 7-ը։

 

Placeholder