ՀԱՊԿ-ում առանց ՀՀ համաձայնության ցանկացած մեկնաբանություն կմնա միայն որպես այդպիսին. Աննա Նաղդալյան
Քաղաքական
13:38 13/09/2019
Հայաստան

ՀԱՊԿ-ում առանց ՀՀ համաձայնության ցանկացած մեկնաբանություն կմնա միայն որպես այդպիսին. Աննա Նաղդալյան

«Կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և դիտորդին, և գործընկերոջը։ Մասնավորապես դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ։ Ավելին, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի հակամարտությունների միջազգային վեճարի ու հակամարտությունների  բացառապես խաղաղ կարգավորմանը»,-այսօր այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում։

Աննա Նաղդալյանի խոսքերով,  հստակ պետք է արձանագրենք, որ կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ, և կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։

«Ուստի, առանց Հայաստանի համաձայնության ցանկացած մեկնաբանություն, կարծիք և դիրքորոշում, կմնա միայն որպես այդպիսին», - ասաց Աննա Նաղդալյանը։

Անդրադառնալով հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ  գագաթնաժողովին Իրանի և Սինգապուրի և Ռուսաստանի ղեկավարների մասնակցության հաստատմանը՝ Աննա Նաղդալյանը նշեց, որ այս առումով բավական մեկնաբանություններ եղել են ու հավելեց, որ ԵԱՏՄ միջոցառումը դիտվում է որպես կառույցի միջոցառում որին առաջնահերթություն է տրվում և որի լավագույնս անցկացումը ՀՀ նախագահության գերակայություններից մեկն է։

Խոսելով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի աշխատանքից ազատման մասին՝ Նաղդալյանը նշեց, որ ԱՄՆ-ի հետ ՀՀ-ն ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները պայմանավորված չեն անձերով ու կրում են ինստիտուցիոնալ բնույթ։
 

Placeholder
ՀԱՊԿ-ում առանց ՀՀ համաձայնության ցանկացած մեկնաբանություն կմնա միայն որպես այդպիսին. Աննա Նաղդալյան