Նարինե Աբգարյան. Չէի ուզում Հայաստանի պատիվը գցել, բայց դե արդեն հնար չկա
Օրվա թեմա
23:07 14/09/2019
Հայաստան

Նարինե Աբգարյան. Չէի ուզում Հայաստանի պատիվը գցել, բայց դե արդեն հնար չկա

Մոսկվաբնակ հայաստանցի գրող Նարինե Աբգարյանն այսօր Երևանում մասնակցել է հանուն Ամուլսարի պաշտպանության քայլերթին։ Նա մինչև սեպտեմբերի 25-ը լինելու է Հայաստանում ու պատրաստ է մինչ այդ  կազմակերպվելիք բոլոր երթերին մասնակցել։

«Ես եկել եմ առաջին հերթին ջերմուկցիներին ասելու, որ մենք ձեզ հետ ենք, մենք ձեզ չենք թողնի, մինչև վերջ ձեզ հետ ենք լինելու, պայքարելու ենք ամեն ձևով, որպեսզի Ամուլսարն իսկապես չշահագործվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ն. Աբգարյանը։

Նա մտավախություն ունի, որ եթե այդ հանքը շահագործվի, ուրանի մյուս հանքերնին էլ ձեռք կտան ու երկիրը կվերածեն ուղղակի դամբարանի։

«Մենք հարգանքի, արժանապատվության, որակի հեղափոխություն ենք արել, թույլ չենք տա ոչ հներին, ոչ նորերին, ոչ նորերից հետո եկած նորերին ժողովրիդ կարծիքը հաշվի չառնել, ժողովրդի դեմ գնալ, անել այնպիսի քայլեր, որոնք վտանգելու են մեր երկիրը, մեր ժողովրդի առողջությունը, մեր երեխաների ապագան։  Դա անթույլարելի է։ Ինքս պայքարելու եմ մինչև վերջ»,- ասաց Ն. Աբգարյանը։

Նա նշեց, որ հնարավորին չափ սկսելու է այդ մասին գրել. «Այն ժամանակ չէի գրում, որովհետև ապրում եմ Ռուսաստանում, շատ ոչ հայ ընթերցողներ ունեմ, չէի ուզում Հայաստանի պատիվը գցել, բայց դե արդեն հնար չկա։ Զգում եմ՝ ինչ-որ բան է կատարվում, ինչ-որ բան ճիշտ չի արվում, եթե հիմա այն մարդկանց, որոնց ընտրել ենք, որոնց սատարել ենք, չասենք՝ երեխեք ջան ինչ-որ բան այն չեք անում, ես ինքս ինձ չեմ ների։ Իրենք էլ շատ լավ գիտեն,  թե ինչն են սխալ անում, ուրեմն պետք է շտկեն իրենց սխալները»։

Նարինե Աբգարյանի խոսքով, Ամուլսարի շահագործումն իսկապես կարող է դառնալ մեր երկրի ողբերգությունը։

«Ամբողջ աշխարհը թունավորված է, դե եկեք մեր երկիրն էլ թունավորենք։ Մենք հնարավորություն ունենք էկոլոգիական  դրախտ սարքենք մեր երկիրը, թող մարդիկ գան, հիանան մեր երկրով, ուտեն մեր համեղ ուտեստները, ոչ թե սարքենք հերթական անապատն ու ողբանք և ասենք, որ հերթական անգամ մեր պետությունը մենք կործանեցինք»,- Նարինե Աբգարյանը ։

Placeholder