Վանեցյանի հայտարարությունն ավելի շատ նման էր դուռը շրխկացնելով փակելուն. Քաղտեխնոլոգ
Քաղաքական
12:51 19/09/2019
Հայաստան

Վանեցյանի հայտարարությունն ավելի շատ նման էր դուռը շրխկացնելով փակելուն. Քաղտեխնոլոգ

«Ուժային կառույցների երկու հրաժարականները փորձ է կատարվում նույնականացնել, բայց ընդհանրապես չի կարելի այդպիսի մոտեցում դրսևորել, քանի որ եթե անգամ արտաքինից նրանք նույնն են, յուրաքանչյուր դեպք պետք է առանձին քննարկվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի ներկայացման ձևը շատ հետաքրքիր էր. «Վարչապետը մամուլի ասուլիս էր տալիս, հայտնում է, որ ստորագրել է միջնորդագիր ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու մասին, և մի քանի վայրկյան հետո ԱԱԾ նախկին տնօրենն արդեն իր քաղաքական հայտարարությունն է անում և բավականին ընդգծված, որն ավելի շատ նման էր դուռը շրխկացնելով փակելուն, քան՝ հրաժարականի։ Պատահական չէ, որ երեկ ՔՊ-ի նիստից հետո անընդհանտ փորձում էին համոզել, որ վարչապետն է նրան ազատել աշխատանքից և ոչ թե նա է հեռացել»։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ կար ինֆորմացիա վարչապետի ասուլիսի տեսքով, և կար ԱԱԾ տնօրենի հրաժարականի ինֆորմացիա և այդ ամենը այնպես կազմակերպվեց, որ մի ինֆորմացիան ծածկեց մյուսին. «Սա գրագետ էր կատարված»։

Բադալյանը չբացառեց, որ հրաժարականի հայտարարությունը կարող է դառնալ ԱԱԾ նախկին տնօրենի հնարավոր քաղաքականության մեջ մտնելու գործընթաց։

«Փորձագիտական և լրատվական դաշտում նույնպես տեղյակ են, որ այդ երկու գործիչների միջև ինչ-որ խնդիր կա։  Եթե Վանեցյանին հաջողվի մտնել քաղաքական դաշտ, նա կլինի զարգացող այլընտրանք ներկա իշխանությանը։  Նախկին նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն էլ կարող է այլընտրանք լինել իշխանություններին, սակայն զարգացում չտանող այլընտրանք է և նրա հետևից շատերը չեն գնա։ Երկրորդ նախագահին չեն դիտելու իշխանության գալու հնարավորություն, նրան շատերն են դեմ, ի տարբերություն Վանեցյանի, որի հեղինակությունը այժմ բարձր է», - ասաց Բադալյանը։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշին՝ նա ասաց, որ նա դեռևս ունի վարկանիշ, ցածր չէ, բայց անկման գնացող է։

«Հայաստանում իշխանության գալու համար պետք է արտաքին քաղաքական որևէ ուժային կենտրոնի աջակցությունը։ Այս պահի դրությամբ վարչապետը դա չունի, Ռուսաստանի հետ հարաբերությունները խնդրահարույց է, ԵՄ-ն նրան ուղղակի դուրս է գրել, իսկ ԱՄՆ-ից էլ այս պահի դրությամբ տեսանելի աջակցություն չկա»,- հավելեց քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով Վալերի Օսիպյանի՝ ոստիկանապետի պաշտոնից հրաժարականին, Բադալյանն ասաց՝ ենթադրում են, որ դա կապված է Ամուլսարի հարցի հետ։

Placeholder
Վանեցյանի հայտարարությունն ավելի շատ նման էր դուռը շրխկացնելով փակելուն. Քաղտեխնոլոգ