Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի արտահանման ցուցանիշները շարունակում են մտահոգիչ մնալ. տնտեսագետ
Արտահանման անկումը մտահոգիչ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Նա նշեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում արտահանումը նվազել է 0,5 տոկոսով, իսկ հունվար-հուլիսին աճել է ընդամենը 3 տոկոսով: «Ցավոք, դա մտահոգիչ ցուցանիշ է, քանի որ նախորդ 2-3 տարիներին արտահանման բարձր ցուցանիշ ենք ունեցել։ Նախորդ տարվա 20-25 տոկոսի դիմաց 3 % աճն արդեն հուսադրող չէ»,- ասաց տնտեսագետը։
Թադևոս Ավետիսյանը դրական քայլ համարեց այսօր Ազգային ժողովում ընդունված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողների։
Նրա խոսքով՝ սա կարևոր քայլ է, քանի որ 56 մլրդ դրամի վերադարձը հիմնականում ուղղվելու է արտահանմանը. «Դրական է այն իմաստով, որ այն միտված է արտահանման խթանմանը։ Կառավարության հնգամյա ծրագրով մեր երկիրը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսական զարգացման մոդել: Արտահանման միտված առաջին քայլը թերևս սա է, հուսանք, որ մոտեցումներն ավելի համակարգային կդառնան»,- նշեց նա։