Համանախագահներն ընդգծում են բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի դրական հետևանքները
Քաղաքական
11:18 26/09/2019
Հայաստան

Համանախագահներն ընդգծում են բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի դրական հետևանքները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ առանձին և համատեղ հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ։

Համանախագահների հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք հանդիպել են նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, ԵԱՀԿ գործող նախագահին, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին: 

Հայտարարության մեջ ասվում է, որ համանախագահները երկու նախարարներին ներկայացրել են իրենց գործունեությունը՝ հունիսին Վաշինգտոնում անցկացվող համատեղ հանդիպումից ի վեր, այդ թվում նաև Փարիզում և Ժնևում անցկացված վերջին խորհրդակցությունները՝ հակամարտության հումանիտար և անվտանգության հարթություններում:

Համանախագահները նշել են ամառվա ժամանակահատվածում բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի դրական հետևանքները, ներառյալ առկա ուղիղ հաղորդակցական կապերի օգտագործումը և խոր ափսոսանք հայտնել վերջին մահվան դեպքի կապակցությամբ:

Համանախագահները և նախարարները շարունակել են լարվածությունը նվազեցնելու և խաղաղության համար նպաստող մթնոլորտի պահպանման և բովանդակային բանակցություններին նպաստող լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ քննարկումները:

Վկայակոչելով իրենց՝ մարտի 9-ի հայտարարությունը, համանախագահները կողմերին կոչ են արել նվազագույնի հասցնել այնպիսի հռետորաբանության օգտագործումը, որը  բորբոքող է կամ կանխակալ բանակցությունների արդյունքի համար:

Նշվում է, որ համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան:

Placeholder
Համանախագահներն ընդգծում են բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի դրական հետևանքները