Հայաստանում սիբիրախտով  հիվանդներ չկան
Տնտեսություն
16:35 27/09/2019
Հայաստան

Հայաստանում սիբիրախտով հիվանդներ չկան

Այս պահի դրությամբ Հայաստանում սիբիրախտով  հիվանդներ չկան։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից՝  հիշեցնելով, որ վարակը փոխանցվում է ոչ թե մարդուց մարդուն, այլ  հիվանդ կենդանիներից։

Հիշեցնենք, որ Կոլցովոյի միջազգային օդանավակայանում ուժեղացվել է սանիտարական-կարանտինային վերահսկողությունը. պատճառը Հայաստանում սիբիրախտի արձանագրված դեպքերն են։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Panorama.am-ին հայտնեցին, որ իրենք սիբիրախտով կենդանու վարակվելու երկու դեպք են արձանագրել։ Երկու դեպքում էլ, տեսչական մարմնից հավատացրեցին, խոշոր եղջերավոր երկու անասուններն առգրավվել են, մսեղիքը այրելու միջոցով ոչնչացվել։

«Ուժեղացված վերահսկողության իրականացումը բնական է, քանի որ մենք բարձրաձայնել ենք այս մասին։ Բայց մենք վարակված մարդկանց մասին տեղեկություն չունենք»,-ասացին ՍԱՏՄ-ից։

Սիբիրախտը բոլոր տեսակի գյուղատնտեսական և վայրի կենդանիների, ինչպես նաև մարդու սուր ընթացքով ինֆեկցիոն հիվանդություն է, որը բնորոշ է սեպտիցեմիայով, օրգանիզմի թունավորումով և մարմնի տարբեր հատվածներում կարբունկուլների (այտուցների) առաջացումով:

Հիվանդության հարուցիչը` Բացիլուս անտրացիս (Bac. Anthracis) աերոբ, գրամդրական, սպոր և պատիճ առաջացնող անշարժ ցուպիկն է, որն ընդունակ է որոշակի պայմաններում բազմանալ հողի մեջ, տասնյակ տարիներ պահպանել իր կենսագործունեությունը ու վիրուլենտ հատկությունները: Սպորներով ախտահարված հողատարածքները երկար ժամանակ մնում են ինֆեկցիայի հարուցիչների փոխանցման գործոն:

Սիբիրախտի դեպքում կենդանիներին մեկուսացնում են։ Սիբիրախտից ընկած կենդանու դիակը ոչնչացնում են այրելու միջոցով։ Խիստ արգելվում է դիակի թաղումը, քանի որ հողի մեջ ստեղծվում են կայուն օջախներ։

Placeholder
Հայաստանում սիբիրախտով հիվանդներ չկան