«WCIT» նվագախումբը համախմբել է ավելի քան 100 երաժշտի
Մշակույթ
13:18 30/09/2019
Հայաստան

«WCIT» նվագախումբը համախմբել է ավելի քան 100 երաժշտի

Երևանում հոկտեմբերի 6-9-ին կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացումը կազդարարվի մեգանախագծով։

Համաժողովի հանրային կապերի խմբից հայտնում են, որ միջոցառմանն ընդառաջ ձևավորվել է նվագախումբ, որն առաջին անգամ բեմ կբարձրանա «WCIT-2019»-ի հանդիսավոր բացման նպատակով և ի շարս համաշխարհային գլուխգործոցների, պատմության մեջ առաջին անգամ կկատարի նաև արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։ Այնուհետև համերգային ծրագրով հանդես կգա Գրեմիի մրցանակակիր DJ Արմին վան Բյուրենը: Համերգը կկայանա հոկտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում։ Նվագախմբի երաժիշտներն արդեն Հայաստան են ժամանում, գլխավոր փորձը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին։

«WCIT» նվագախումբը համախմբում է ավելի քան 100 երաժիշտ, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում են նախորդ տարիներին «WCIT» համաժողովները հյուրընկալած 14 երկրները. Կանադա, Նիդերլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։

Համերգը ղեկավարելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Համերգային ծրագրում ներառված է վերոնշյալ 14 երկրները խորհրդանշող ու հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից կազմված շար։ Հրապարակին հարակից շենքերին կպրոյեկտվեն նշված 15 երկրները խորհրդանշող տեսարաններ։

«Մենք ի սկզբանե նպատակ ենք դրել անմոռանալի ու նշանակալից դարձնել Երևանում տեղի ունեցող ՏՏ համաշխարհային համաժողովը․ սա այն անակնակալներից է, որ պատրաստել ենք միջազգային հանրության համար՝ ցույց տալու հայերի նորարար միտքը։ Ինչպես հայտնի է, երաժշտությունը գրելու է արհեստական բանականությունը, որին մենք արհեստական տաղանդ ենք ասում: Մենք ապացուցում ենք, որ աշխարհի կենտրոնն այնտեղ է, որտեղ տաղանդ ու նորարարություն կա, այս դեպքում՝ Երևանի սրտում, Հանրապետության հրապարակում»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։  

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Placeholder
«WCIT» նվագախումբը համախմբել է ավելի քան 100 երաժշտի